Գործարկվել է երևանյան դպրոցներում առաջին դասարանցիների տվյալների ստուգման կայքը
22.04.2019,
17:27
Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./ԱՌԿԱ/. Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը, այս պահին անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալների առկայությունը՝ https://stugum.emis.am/ կայքի միջոցով:
Ստուգումը կատարելիս հնարավոր է ստանաք հետևյալ հաղորդագրությունները՝
- Ծնողի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։
- Երեխայի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։ Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային բաժին։
- «Ծնող - երեխա կապ չի հայտնաբերվել»: Խնդիրը ֆիքսվել է մեր կողմից։ Խնդրում ենք ևս մեկ անգամ ստուգել 3-4 օր անց։
- Երեխան դպրոցական տարիքի չէ /6 տարեկանից փոքր կամ 9-ը տարեկանից մեծ/: Երեխան չի կարող ընդունվել առաջին դասարան` տարիքի անհամապատասխանության պատճառով։
- ID քարտ չունենալու դեպքում մուտքագրեք Ձեր սոցիալական քարտի համարը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, 2019-20 ուսումնական տարվանից սկսած Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է էլեկտրոնային գրանցման եղանակով: ՀՀ ԿԳՆ–ն մշակել է առաջին դասարանցիների ընդունելության էլեկտրոնային համակարգ, որը կգործարկվի մայիսի 15-ին ժամը 9:00-ին։–0–