ՀՀ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ արցախցիներին տներում ապաստան առաջարկելու հայտարարություններից
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել:
Հայտարարության համաձայն, այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ հանդես են գալիս ռազմական գործողությունների պատճառով հայրենի բնակավայրերը թողած արցախցիներին իրենց տներում ապաստան տալու առաջարկով: Ձեռնարկը մարդասիրական ու մարդկային է, բայց ցանկացած բարի մղում կարող է վերածվել իր հակադրությանը, եթե զերծ չմնանք անվերահսկելի ինքնագործունեությունից ու չհամակարգված գործողություններից:
«ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ այդպիսի ինքնագործ քայլերից, տարատեսակ հայտարարություններ տարածելուց և բոլոր նախաձեռնությունները համաձայնեցնել պատկան մարմինների հետ»,- նշվում է հայտարարության մեջ:
Ոստիկանությունը հիշեցնում է, որ մենք ռազմական դրության պայմաններում ենք, և ցանկացած հուզական քայլ հակառակորդի կողմից կարող է օգտագործվել սադրանքներ ու ապատեղեկատվություն կազմակերպելու համար:
«Հարգելի քաղաքացինե՜ր: ՀՀ ոստիկանությունը հետևողական է լինելու այդ կարգի նախաձեռնությունների և հայտարարությունների ծագումը պարզելու և քաղաքացիներից պարտադիր դրանց համաձայնեցում ու կանոնակարգում պահանջելու գործում»,- նշվում է հայտարարության մեջ:
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 400 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 80 տանկ և հետևակի մարտական մեքենա, 4 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ, 49 ԱԹՍ և 82 ավտոտրանսպորտ:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 80 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–