Փաշինյանը հայտնել է, որ թե որ դեպքում ստիպված կլինենք վերադառնալ տոտալ սահմանափակումների (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./ԱՌԿԱ/. Եթե ծանր դեպքերը շատանան այնքան, որ հիվանդանոցներում տեղ չլինի, ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոքդաունի: Այս մասին այսօր Facebook-յան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա անդրադարձել է տոտալ սահմանափակումների դեպքում սպասվող հետևանքներին:
«Կյանքը կանգնելու է իր բոլոր տնտեսական և սոցիալական հետևանքներով: Այսօր շատ երկրներ, այդ թվում ՀՀ-ն գնացել է այդ ճանապարհով, և լոքդաունի ընթացքում այդ թվերը ուրիշ են եղել»,- հայտնել է վարչապետը:
Այնուհետ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանում տոտալ սահմանափակումների արդյունքում թվերը զրոյացել է և հարց ուղղել՝ մի՞թե սա հարցի լուծում է:
«Գիտեք ինչու, որովհետև աշխարհում և նոյնիսկ զրոյով երկրում կորոնավիրուսը շարունակում է գոյություն ունենալ: Տոտալ լոքդաունից հետո, երբ որ մենք սկսում ենք բացվել, միևնունն է, վարակը սկսում է նորից տարածվել»,- նշել է նա և ընդգծել, որ կրկին կարող է հավանականություն առաջանալ, որ երկիրը կհայտնվի լոքդաուն հայտարարելու անհրաժեշտության առջև:
«Այս պարագայում խնդիրն այն է, որ ունքը սարքելու տեղը տալիս աչքն էլ ենք հանում: Որովհետև մենք կորոնավիրուսի հարցը չենք լուծում, մյուս կողմից տնտեսական և սոցիալական կոլապսի ենք ենթարկում երկիրը»,- նշել է նա:
«Մեր մեծագույն խնդիրն այս է, այնպես անել, որ բուժման կարիք ունեցող մեր քաղաքացիների թիվը համապատասխանի մեր հիվանդանոցային կարողությունների թվին: Եվ սա անել ոչ թե վարչահրամայական մեթոդով, ըստ որի՝ բոլորս տներում, ամեն ինչ փակվում է և այլն, ինչն էլ հանգեցնում է տնտեսական պրոբլեմի»,- նշել է նա:
Նա նաև հայտնել է, որ պետք է մեծացնել կարգապահության և պատասխանատվության մակարդակը, և նշել, որ դա նաև կարելի է անել վարչական մեթոդով՝ ընդգծելով, որ կառավարությունը ցանկացած պահի կարող է որոշում կայացնել այդպիսի, բայց միևնույնն է դրա հետևանքները ծանր են լինելու:
Հայաստանում հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190-ը` մահվան ելքով:-0-