Рейтинг@Mail.ru
USD
360.51
EUR
400.02
RUB
4.3552
GEL
138.95
2026 թ. նոյեմբերի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Քաղաքապետարան. մետրոյի «Սուրմալու» կայարանի կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին

12.10.2026, 12:05
Այս պահին ընթանում են աշխատանքների ամփոփման վերջնականացման գործընթացները հայտնել է Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Անետա Բաբայանը
Քաղաքապետարան. մետրոյի «Սուրմալու» կայարանի կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/. Սուրմալու առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման և քաղաքաշինական ներդրումային համալիր ծրագրի նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին հայտնել է Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Անետա Բաբայանը։

«Այս ուղղությամբ մենք երկու խորհրդատվական պայմանագիր էինք կնքում. մեկը՝ տեխնիկատնտեսական ուսումնասիրության և ծրագրի նախապատրաստման, մյուսը՝ քաղաքաշինական հայեցակարգի և կայարանի էսքիզային լուծումների տրամադրման աշխատանքների։ Երկուսի մասով էլ միջանկյալ արդյունքները ստացված են, - նշել է Բաբայանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Նրա խոսքով՝ այս պահին ընթանում են աշխատանքների ամփոփման վերջնականացման գործընթացները։

«Վերջնական հաշվետվությունները ներկայացվելու են մինչև նոյեմբերի սկիզբ, և մենք արդեն պատրաստ ենք լինելու քննարկել իրականացման հստակ մեխանիզմը և առաջ գնալ», - հայտնել է Բաբայանը։

Երևանի մետրոպոլիտենի մասին

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը հիմնադրվել է 1981 թվականին: Ներկայումս Երևանում գործում է մետրոյի 10 կայարան: Մետրոպոլիտենի բոլոր գծերի ընդհանուր երկարությունը կազմում է 13,4 կմ: Շաբաթական մետրոպոլիտենը փոխադրում է միջինում 515-520 հազար ուղևոր: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դիտարկվում է առնվազն չորս նոր կայարանների հայեցակարգը: Դրանց թվում են «Աջափնյակ» և «Սուրմալու» կայարանները, այնուհետև գիծը պետք է անցնի «Աջափնյակով» և ապագա Ակադեմիական քաղաքով, միանա «Չարբախ» կայարանին՝ ստեղծելով օղակաձև երթևեկության հնարավորություն: