Տրանսպորտային քաոս է Երևանում․ ավտոբուսի վարորդները գործադուլ են հայտարարել
03.12.2024,
09:49
Շատ երթուղիների ավտոբուսների վարորդներ գործադուլ են հայտարարել
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանում տրանսպորտային կոլապս է։ Կանգառներում տասնյակ քաղաքացիներ սպասում են հասարակական տրանսպորտին, սակայն ապարդյուն։
Շրջանառվում են լուրեր, որ շատ երթուղիների ավտոբուսների վարորդներ գործադուլ են հայտարարել։
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռ/կ–ն, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ է: Վարորդներից մի քանիսը «Ազատության» հետ զրույցում ասել են, որ գործադուլի պատճառը իրենց աշխատանքային պայմաններն են ու աշխատավարձային քաղաքականությունը, որը չի փոփոխվել: Քաղաքապետարանից դեռ չեն արձագանքել:
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը դեռ չի հաջողվել կապվել քաղաքապետարանի հետ՝ մեկնաբանություն ստանալու համար։