Рейтинг@Mail.ru
USD
381.72
EUR
442.6
RUB
4.7045
GEL
140.99
2025 թ. նոյեմբերի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

Ոստիկանությունն ուղեվարձի թանկացման դեմ բողոքողներից պահանջում է չխանգարել ճանապարհային երթևեկությանը

23.07.2013, 13:48
Հայաստանի ոստիկանությունը հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող ակտիվիստներից պահանջել է իրենց գործողություններով երթևեկության անվտանգության և ուղևորների կյանքի համար վտանգ չստեղծել։
Ոստիկանությունն ուղեվարձի թանկացման դեմ բողոքողներից պահանջում է չխանգարել ճանապարհային երթևեկությանը
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ոստիկանությունը հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող ակտիվիստներից պահանջել է իրենց գործողություններով երթևեկության անվտանգության և ուղևորների կյանքի համար վտանգ չստեղծել։

«Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների հոգեբանական վիճակի խախտումը կարող է
մարդկային կյանքեր արժենալ»,– ասվում է ոստիկանության մամուլի ծառայության հաղորդման մեջ։

Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ հուլիսի 22-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի տարբեր հատվածներում, մի խումբ անձինք,  խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը, դուրս գալով  երթևեկության բանուկ գոտի` երթուղային միկրոավտոբուսների դիմապակիներին փակցրել են տարբեր բնույթի կոչեր:

«Այս գործողություններով հիշյալ անձինք ոչ միայն խախտել են հասարակական կարգը, այլև,  ցավոք,  անտեսել այն իրողությունը, որ ուղևորափոխադրումներ իրականացնող  վարորդի  բարոյահոգեբանական վիճակով է պայմանավորված  մեր քաղաքացիների անվտանգությունը, իսկ նման հոգեբանական վիճակում   վարորդի երթևեկելը կարող է հանգեցնել անցանկալի, անգամ ողբերգական հետևանքների»,– ասել են մամուլի ծառայությունից։

Հաղորդման մեջ նշվում է, որ նույնիսկ այդ պայմաններում  ոստիկանության ծառայողները հանդուրժողական վերաբերմունք են դրսևորել «Հավաքների մասին» ՀՀ օրենքի  պահանջների խախտումով անցկացված հավաքի մասնակիցների նկատմամբ`  բացատրելով նրանց գործողությունների ոչ միայն  անօրինական լինելը, այլև հնարավոր բոլոր վտանգավոր հետևանքները:

«Ոստիկանությունը կոչ է անում հարգել համակեցության կանոնները և ձեռնպահ մնալ  երթևեկության  յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց»,– նշել են մամուլի ծառայությունից, ավելացնելով, որ այն անձինք, ովքեր  ոստիկանության դրսևորած  հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները,  կհայտնաբերվեն  ու կենթարկվեն պատասխանատվության։

Հուլիսի 20-ից Երևանի քաղաքացիներն ավտոբուսներով և միկրաովտոբուսներով երթևեկելիս նախկինում գործող 100 դրամի դիմաց վճարում են 150 դրամ: Տրոլեյբուսի ուղեվարձը կազմում է 100 դրամ գործող 50-ի դիմաց: Մետրոյի ուղեվարձը չի փոխվել: --0--