Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Երևանում էներգաարդյունավետության լաբորատորիա է բացվել

26.03.2013, 20:56
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում երեքշաբթի բացվել է էներգաարդյունավետության լաբորատորիան, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում երեքշաբթի բացվել է էներգաարդյունավետության լաբորատորիան, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Լաբորատորիայի բացումը տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ քաղաքաշինության նախարարության համակարգման ներքո ընթացող «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ ծրագրի շրջանակներում։

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդգծել է, որ այն կնպաստի ապագա գիտնականներին նորանոր բարձունքների հասնելուն:

«Այս լաբորատորիան կստեղծի այն հիմքերը, որոնք հետագայում հնարավորություն կտան ակտիվացնել էներգախնայողության բարձրացման և դրանք կիրառության մեջ դնելու ուղղությամբ տարվող աշխատանքների որակը»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանին է տրամադրվել շուրջ 10 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 12 անվանում սարքավորումներ և գործիքներ:

Հայաստանում առաջին անգամ հասանելի այս նորագույն սարքերը թույլ են տալիս մասնավորապես գնահատել շենքերի էներգետիկ արդյունավետության հետ առնչվող մի շարք օդերևութաբանական և ջերմաֆիզիկական հարաչափեր և ստացված տվյալները ուղղակիորեն ներբեռնելով համակարգիչ՝ ստանալ վերլուծած արդյունքները գրաֆիկական պատկերով:

Նաև նշվում է, որ հետապնդելով ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստման նպատակը` լաբորատորիան հասանելի կլինի նաև համապատասխան որակավորում տրամադրող այլ ԲՈՒՀ-երի ուսանողների համար` հնարավորություն տալով նրանց գործնականում ծանոթանալ էներգաարդյունավետության գնահատման և բարձրացման նպատակով իրականացվող վերլուծություններին և միջոցառումներին: –0–