«Բորուսիայում» Մխիթարյանին հնարավոր է «Մոծակ» կեղծանունը տրվի
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. Դորտմունդի «Բորուսիայում», որտեղ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Դոնեցկի «Շախտյորից», հնարավոր է նա «Մոծակ» (գերմ. Mücke) կեղծանունը կրի։
Այդ կեղծանունը Մխիթարյանը ստացել է գերմանական բուլվարային մամուլի կողմից, երբ մեկնաբաններից մեկը Մխիթարյանին «Մյուկիթարյան» անվանեց, իսկ թերթի թղթակիցները կրճատեցին այդ ազգանունը` դարձնելով «Մյուկե», ինչը գերմաներենից թարգմանաբար նշանակում է մոծակ։ Ի դեպ, պատահական է, թե ոչ, սակայն այդ կեղծանունը հայտնվել է Die Welt հեղինակավոր գերմանական պարբերականի վերնագրում։
Այդ կապակցությամբ 24–ամյա ֆուտբոլիստի երկրպագուները երկու մասի են բաժանվել` առաջինները դժգոհություն են հայտնում այդ կեղծանվան հետ կապված և նշում են, որ Մխիթարյանը հանգիստ և նույնիսկ ուրախությամբ է ընդունում Հենո (Heno) կեղծանունը, իսկ երկրորդ մասը (փոքրամասնությունը) ասում են, որ «Մյուկեն» շատ լավ փոխարինում է «չարտաբերվող» Մխիթարյան ազգանվանը։ Պետք է նշել, որ նաև գտնվել են մարդիկ, ովքեր ֆուտբոլիստին «Միկի» են անվանել, ճիշտ է` նրանք չափազանց քիչ են։
Ինչևէ, արդեն հուլիսի 9–ին ուկրաինացի մարզական թղթակից Դենիս Տրուբեցկոյի կողմից Youtube–ում տեսանյութ է տեղադրվել, որտեղ «սովորեցնում է» արտաբերել «Շախտյորի» նախկին խաղացողի ազգանունը։ Ի դեպ, այդ տեսանյութը երեք օրում հավաքել է ավելի քան 30 հազար դիտում, իսկ մեկնաբանությունների հատվածում բուռն բանավեճ է սկսվել։
Միակ բանը, որում համակարծիք են գերմանական ֆուտբոլի գրեթե բոլոր սիրահարները, այն է, որ գերմանացիները պետք է սովորեն մեր Հենոյի դժվար ազգանվանը։ Թեև «Բորուսիան» գիտե համակերպվել դժվար անունների` Յակուբ Բլաշչիկովսկի, Պիեր Էմարիկ Օբամեյանգ, Սոկրատիս Պապաստատոպուլոս։ Այդ խաղացողներին ևս ժամանակին չի հաջողվել խուսափել անունների հետ կապված խառնաշփոթից և այդ կապակցությամբ առաջացած կեղծանուններից։
Մխիթարյանը «Շախտյորից» «Բորուսիա» է տեղափոխվել այս շաբաթվա ընթացքում։ Հայ կիսապաշտպանի տեղափոխման արժեքը կազմեց 27,5 մլն եվրո։
Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին Երևանում։ «Շախտյորի» կազմում խաղացել է 2012 թվականից։ Ուկրաինայի առաջնությունում անցկացրել է 72 խաղ, 38 գոլի հեղինակ դարձել։ Ուկրաինայի գավաթի տասնմեկ խաղերում չորս գոլի և Եվրագավաթի խաղերի երկու գոլի հեղինակ է։ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում ունեցել է 106 խաղ` դարպաս ուղարկելով 46 գնդակ։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:49 12.07.2013