Հայաստանը կարող է հաջողության հավակնել ԵԱ-2016-ի ընտրական փուլում. Մովսիսյան
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կարող է հաջողության հավակնել 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում ասել է հայկական հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, գրում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:
Պատասխանելով այն հարցին, իրատեսակա՞ն է, արդյոք, Հայաստանի համար մասնակցել աշխարհի առաջնությանը, ֆուտբոլիստը նշել է, որ այդ մասին դեռևս վաղ է խոսել, քանի որ ընդամենը երեք խաղ է կայացել: «Մեր խմբին նայեք, այնտեղ այնպիսի հավաքականներ են, ինչպես Չեխիան, Դանիան, Իտալիան։
Մենք շատ երիտասարդ թիմ ենք, և կարծում եմ, որ եթե Բրազիլիայում աշխարհի առաջնություն դուրս գալու համար մեզ հրաշք է անհրաժեշտ, ապա արդեն Եվրոպա-2016-ի առաջնության փուլին իրականում կարող ենք հավակնել»,- ասել է Մովսիսյանը:
Նա միաժամանակ ավելացրել է, որ իր նվիրական երազանքն է Հայաստանի հավաքականի հետ դուրս գալ աշխարհի առաջնություն, արժանի հանդես գալ և «անել այնպես, որ մեր երկրի մասին իմանա ողջ աշխարհը»:
Մովսիսյանի խոսքով` հայկական հավաքականի սրընթաց առաջընթացում որևէ գաղտնիք չկա: «Պարզապես մենք հպարտ ենք, որ դաշտ ենք դուրս գալիս Հայաստանի պատիվը պահելու համար և բոլոր ջանքերն ենք ներդնում, որ մեր ժողովուրդը երջանիկ լինի»,- ասել է ֆուտբոլիստը:
Ըստ նրա` հայկական հավաքականում ոչ ոք չի էլ մտածել այն մասին, որ բանակցություններ վարի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ հավաքականի խաղերում հաղթանակների համար պարգևավճարների առիթով:
«Մեր ֆեդերացիան անում է հնարավորինը խաղացողների համար, մեզ համար ստեղծվել են բոլոր պայմանները, այդ թվում՝ բոնուսների մասով: Բայց, ինչպես նշեցի, մենք դաշտ ենք դուրս գալիս ոչ թե հանուն փողի, այլ մեր երկրի պատիվը պահելու համար»,- ասել է Մովսիսյանը, ավելացնելով, որ թեև մեծացել է Ամերիկայում, մեծ սեր է տածում այդ երկրի նկատմամբ, բայց հայ է:
«Ես միշտ ցանկացել եմ հանդես գալ հենց Հայաստանի համար, դա իմ երազանքն է եղել»,- ասել է ֆուտբոլիստը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:13 14.12.2012