ՀՖՖ–ն բողոք է ուղղել ՖԻՖԱ–ին` Բուլղարիա–Հայաստան խաղի մի շարք դրվագների վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ներկայացրել ՖԻՖԱ–ին 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Բուլղարիայի և Հայաստանի հավաքականների միջև կայացած խաղի մի շարք դրվագների վերաբերյալ, որի ժամանակ հայկական թիմը պարտվել է 1։0 հաշվով։
Ավելի վաղ բուլղարական մի շարք ԶԼՄ–ներ տեղեկություն են տարածել այն մասին, որ հայկական կողմը բողոքել է ՖԻՖԱ–ին բուլղարացի երկրպագուների հետ կապված, ովքեր խաղի ժամանակ վանկարկում էին «Գնչուներ» հայ ֆուտբոլիստների և ֆուտբոլասերների հասցեին։
Բուլղարական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ ՀՖՖ–ն ևս մեկ բողոք է ներկայացրել շվեյցարացի դատավոր Շտեֆան Շտուդերի դեմ, ով հայ ֆուտբոլիստներին երկու կարմիր քարտ է ցույց տվել։
«Մի շարք բուլղարական ԶԼՄ–ներ խոսել են այս թեմայով, բայց նրանց հաղորդումներում բազմաթիվ անճշտություններ կան։ ՀՖՖ–ն բողոքարկել է Բուլղարիա–Հայաստան խաղի այն պահերը, որոնք, ՖԻՖԱ–ի կանոնակարգի համաձայն, ազգային ֆեդերացիաներն իրավունք ունենա բողոքարկել։ Այդ պահերը կապված են բացառապես ֆուտբոլային կանոնների հետ»,– նշվում է ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդման մեջ, տեղեկացնում է «Նովոստի–Արմենիան»։
Հայտարարությունում նշվում է, որ ՀՖՖ–ն նպատակահարմար չի համարում հրապարակել բողոքի մանրամասները, քանի որ այդ հարցերը կուղղվեն ՖԻՖԱ–ի քննարկմանը։
«Մասնավորապես, ֆուտբոլային հանդիպումների կազմակերպման և կարգապահական հարցերի, ինչպես նաև դրանց արձանագրման մասին հաշվետվությունների կազմման իրավունքը պատկանում է ՖԻՖԱ–ի հանձնակատարին, և ոչ թե ազգային ֆեդերացիաներին»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանն Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականների հետ ընդգրկվել է ընտրական փուլի B խմբում։
Երկու տուրերից հետո Իտալիայի և Բուլղարիայի հավաքականները հավաքել են չորսական միավոր, հայկական հավաքականն ունի երեք միավոր։ Միայն մեկ խաղ անցկացրած դանիացիներն ու չեխերը հավաքել են մեկական միավոր։ Մրցաշարային աղյուսակը զրո միավորով եզրափակում է խմբի աութսայդերը` Մալթայի հավաքականը։
Հայկական ֆուտբոլիստներն առաջին տուրում հաղթեցին մալթացիներին 1։0 հաշվով, իսկ բուլղարացիները ոչ–ոքի են խաղացել իտալացիների հետ` 2։2։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:15 13.09.2012