Մխիթարյանին հայտնի չէ, որ ֆուտբոլային սուպերակումբները հետաքրքրված են նրանով
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը հայտարարել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ սուպերակումբների` իր ծառայություններով հետաքրքրված լինելու մասին:
Ավելի վաղ որոշ արտերկրյա ԶԼՄ-ներ տեղեկություն էին տարածել այն մասին, որ Մյունխենի «Բավարիան» և թուրինյան «Յուվենտուսը» հետաքրքրված են Հենրիկ Մխիթարյանի ծառայություններով:
«Եկեք առայժմ չխոսենք դրա մասին, ես այդ թեմայով չեմ ցանկանում խոսել: Ես խաղում եմ «Շախտյորում», այդ ակումբի հետ պայմանագիր ունեմ և չեմ պատրաստվում մտածել այն մասին, որ ինձանով այլ ակումբներ էլ են հետաքրքրվում»,- երկուշաբթի լիտվացիների հետ ընկերական հանդիպումից առաջ հավաքականի առաջին մարզումից հետո հայտարարեց Մխիթարյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:
Նրա խոսքով, նրա այժմ միակ նպատակն է որքան հնարավոր է, օգուտ բերել թիմին:
«Իսկ ինչ կլինի հետո, դրա մասին ինձ կտեղեկացնի ակումբը»,- ասաց Մխիթարյանը:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոյեմբերի 12-ին անցկացրել է իր առաջին մարզումը լիտվացիների հետ Երևանում նոյեմբերի 14-ին անցկացվելիք ընկերական խաղից առաջ:
Մարզմանը մասնակցել է հավաքականի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանը, ում համար առաջիկա խաղը հրաժեշտի խաղ է լինելու: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:42 13.11.2012