Խորեն Հովհաննիսյանը լավ օրինակ է ընդօրինակելու համար. Գազաև
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի «Արարատ» ակումբի և ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը լավագույն օրինակն է ընդօրինակելու համար, ասաց հայտնի խորհրդային ֆուտբոլիստ, ռուս մարզիչ Վալերի Գազաևը։ Նա եկել է Երևան Հովհաննիսյանի 60–ամյակին նվիրված հանդիպմանը մասնակցելու համար։
Աշխարհի և ԽՍՀՄ–ի հավաքականների վետերան աստղերի ընկերական հանդիպումը տեղի կունենա Երևանի Հանրապետական մարզադաշտում մարտի 28–ին։ Այն նվիրված է հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 60–ամյակին։
«Կփորձենք ցուցադրել այնպիսի հանդիպում, որը դուր կգա բոլոր երկրպագուներին։ Ի՞նչ կարելի է ասել Խորենի մասին։ Նա մեծանուն խաղացող է, անկեղծ կարող եմ ասել, որ նա միշտ ունեցել է առաջատարի հատկանիշներ, արտասովոր տեխնիկա։ Հիանալի մարդ է, ընկեր, նրա հետ մենք խաղացել ենք Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ 1983թ.–ին», – ասաց Գազաևը։
Նա նշեց, որ մեծ ուրախությամբ է ընդունել Երևան այցելելու հրավերը` ընկերոջը շնորհավորելու, երջանկություն, առողջություն մաղթելու համար։
«Նա այնպիսի ֆուտբոլիստ է, որին երիտասարդները կարող են որպես ընդօրինակման օրինակ համարել։ Երիտասարդներն այսօր պետք է հասկանան, թե ինչ հիանալի խաղացող է եղել Հովհաննիսյանը։ Եվ վաղը մենք կփորձենք Խորենին տոն պարգևել», – ընդգծեց Գազաևը։
Խորեն Հովհաննիսյանը հայկական ֆուտբոլի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից է։ Խաղացել է Երևանի «Արարատում» 1975-1985 թվականներին։ Աչքի է ընկել որպես խաղի հիանալի կազմակերպիչ, ով ունի զարմանալի տեխնիկա և առաջնորդի որակներ։ Գ. Ֆեդոտովի ակումբի անդամ է։ 35 խաղ է անցկացրել ԽՍՀՄ հավաքականում, 7 գնդակ է խփել։ 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր է։ 1976 թվականի Եվրոպայի երիտասարդական թիմերի չեմպիոն։ 1975 թվականի ԽՍՀՄ գավաթակիր, 1976 թվականի ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մրցանակակիր։ 1982 թվականին մասնակցել է Իսպանիայի աշխարհի առաջնությանը` դառնալով Բելգիայի դարպաս ուղարկած գեղեցիկ գոլի հեղինակ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
21:01 27.03.2015