Բաքվի բողոքները չեն խանգարել Ղարաբաղին մասնակցել World Travel Market ցուցահանդեսին
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի բողոքները չեն անդրադարձել միջազգային World Travel Market զբոսաշրջային ցուցահանդեսին հայկական տաղավարի շրջանակներում Ղարաբաղի մասնակցության վրա։ Ցուցահանդեսն անցկացվում է Լոնդոնում նոյեմբերի 5-ից, հաղորդում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակը։
Հաղորդագրության մեջ բշվում է, որ World Travel Market զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության վերաբերյալ Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հայտարարությունը հիվանդ երևակայության արգասիք է: Ավելին, հայտարարությունը սխալ տեղեկատվություն է պարունակել, քանի ցուցահանդեսին մասնակցում է ոչ թե 7 հայկական ընկերություն, ինչպես նշել են ադրբեջանցիները, այլ իրականում 11 ընկերություն։
«Արցախի մասնակցության դեմ նախկինում երբեք խոչընդոտ չի եղել՝ չհաշված ադրբեջանական ավանդական վայրահաչությունը և Փարիզում տաղավարի վնասման փաստը, ինչը և արագ վերականգնվեց»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիմնադրամից հայտնեցին, որ Լոնդոնում՝ հայկական միասնական տաղավարի ներքո, Արցախի Հանրապետությունը շարունակում է բնականոն ներկայացվածությունը ցուցահանդեսին: Ինչպես միշտ, տաղավարը արժանանում է բարձր ուշադրության այցելուների ու մասնակիցների կողմից:
Ավելին, ցուցահանդեսից հայկական պատվիրակության պահանջով դուրս են բերվել ադրբեջանական բոլոր տեսակի հակահայկական քարոզչական բնույթի նյութերը:--0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:28 07.11.2012