ՀԿԵ–ն երեք ամիսների ընթացքում վրացական հանգստավայրեր է տեղափոխել մոտ 50 հազ. ուղևոր
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Արմենիա» ֆիրմային գնացքի գործարկման պահից սկսած «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Բաթումի-Երևան գնացքներով հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 19-ը տեղափոխվել է 49 864 ուղևոր, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Դա 25,3%-ով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ տեղափոխվել է 39 788 ուղևոր: Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 19-ը վաճառվել էր «Արմենիա» ֆիրմային գնացքի 50 109 տոմս, ինչը 24,3%-ով գերազանցում է անցյալ տարվա քանակը, երբ վաճառվել էր 40 310 տոմս:
Միևնույն ժամանակ միայն սեպտեմբերի 1-ից մինչև 19-ը տեղափոխվել է 6 271 ուղևոր (աճ 53,4%-ով):
Ուղևորափոխադրումների աճը պայմանավորված է ՀԿԵ-ում հետևողական տարվող ճկուն սակագնային քաղաքականությամբ, ուղևորների սպասարկման որակի աճով: Նաև թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետության մակարդակը, ինչպես նաև աճում է գնացքների արագությունը:
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցելու, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացնելու իրավունքով՝ 2008թ.-ի փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:55 24.09.2012