Հայաստանը այն երկրների տասնյակում է, որտեղ ռուսներն ուխտագնացություն են կատարում
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ողջ աշխարհի հյուրանոցների օնլայն–պատվերներ իրականացնող ռուսական Oktogo.ru ծառայության տվյալներով, ամռան վերջին ամսվա ընթացքում ուխտագնացությունների թիվը զգալիորեն աճում է։ Դատելով ուղևորությունների քանակից` ռուս ուխտագնացների համար առավել գրավիչ երկրների շարքում են Իսրայելը, Հունաստանը, Բուլղարիան, Իտալիան, Ռուսաստանը, Ուկրաինան (Ղրիմ), Հայաստանը, Սերբիան, Աբխազիան և Թունիսը։
«Ռուս ուխտագնացների մեծ մասը 35-40 տարեկան մարդիկ են, ովքեր սովոր են հարմարավետության ինչպես տանը, այնպես էլ արտասահմանում, և նախընտրում են բարձր սպասարկմամբ թանկ հյուրանոցներ»,– հայտնել է Oktogo.ru–ի օժանդակության ծառայության ղեկավար Օլգա Ֆավարիզովան։
Հայաստանը` որպես քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջին երկիր, գրավիչ է ողջ աշխարհի ուխտագնացների համար։
«Հայաստանի տարածքում ավելի քան 25 հազար պատմական և մշակութային հուշարձաններ կան, չէ որ բացի կրոնական նշանակությունից, հայկական եկեղեցիները և տաճարները նաև միջնադարյան ճարտարապետության հիասքանչ նմուշներ են։ Այստեղ կարելի է տեսնել և գողտրիկ վայրերում թաքնված առաջին մենակյաց վանականների խցեր, և աշխարհի հնագույն քրիստոնեական տաճար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, և քարակերտ Գեղարդը, և շատ այլ հուշարձաններ։ Երևանի կենտրոնում տեղակայված հյուրանոցը, որից բացվում է Արարատ լեռան գեղեցիկ համայնապատկերը, կարժենա օրը սկսած 2 հազար ռուբլուց»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:04 06.08.2013