Հայաստանը նպատակ ունի զբոսաշրջիկների թիվը տարեկան մինչև 3 միլիոնի հասցնել. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն իր առջև նպատակ է դնում երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը տարեկան մինչև 3 մլն մարդու հասցնել, ուրբաթ ԱՊՀ–ի, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Տարեցտարի մեզ մոտ Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակն ավելանում է շուրջ 10 տոկոսով: Այժմ այդ ցուցանիշը տարեկան շուրջ 700 հազար է կազմում»,- պարզաբանեց նա:
Վարչապետը նշեց, որ արտասահմանում բնակվող մեր հայրենակիցների 95 տոկոսը երբեք չի եղել Հայաստանում:
«Այստեղ նույնպես մեծ չօգտագործված ներուժ կա»,- ավելացրեց Սարգսյանը:
Էկոնոմիկայի նախարարության տվյալներով` Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը, նախնական կանխատեսումների համաձայն, 2012 թվականի ավարտին կգերազանցի 800 հազարը և կհասնի 850 հազարի։--0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:57 16.11.2012