Հայաստանում հյուրանոցների որակավորման նոր` «5 աստղանի Դելյուքս» կարգ է ներմուծվել
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ազգային ժողովը երեքշաբթի ընդունել է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում լատարված փոփոխություններն ու լրացումները։
«Հայաստանի Հանրապետությունում գործում է ողջ աշխարհում լայնորեն ճանաչված եւ ամենատարածված 1-5 աստղանի կարգերով հյուրանոցների որակավորման ընթացակարգը` կամավորության սկզբունքով: Միջազգային փորձի ուսումնասիրությունը եւ Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համակարգի հետ համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ որոշ երկրներում, բացի հիմնականում կիրառվող առավելագույն 5 աստղանի որակավորման կարգից, առավել շքեղ եւ նվազագույն պահանջներին լրացուցիչ չափանիշներով գերազանցող հյուրանոցների տարբերակման համար կիրառվում են 5 աստղից բարձր որակավորման կարգ (օրինակ` «5 աստղանի Դելյուքս») կամ որակավորման կարգ չհամարվող շքանշան (օրինակ` ակոլադա) կամ մակդիր (Սուպերիոր), ինչը Հայաստանում չի կիրառվում», -օրինագիծը ներկայացնելիս ասաց էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը։
Նրա խոսքով` 5 աստղանի որակավորման կարգը գերազանցող «5 աստղանի Դելյուքս» որակավորման կարգի ներդրումը և դրանով առավել շքեղ հյուրանոցների տարբերակումը կնպաստի այդպիսի հյուրանոցներում ներդրումների, ինչպես նաև առավել բարձր որակական պահանջներ ունեցող զբոսաշրջիկների ներգրավմանը:
«Պետական տուրքի մասին» օրենքում կատարված լրացումների համաձայն, «5 աստղանի Դելյուքս» կարգի հյուրանոցներից տարեկան կգանձվի 1,5 մլն դրամի տուրք:
Փոխնախարարը հայտնեց նաև, որ, լրացումների համաձայն, հյուրանոցները պարտավորվում են շենքի վրա, ինչպես նաև գովազդային վահանակի վրա նշել այն «աստղային կարգը», որը շնորհվել է հյուրանոցին:
Այսօր Հայաստանում գործում է մոտ 300 հյուրանոցային տնտեսության օբյեկտ, որոնցից մոտ 70-ը՝ հյուրանոցներ: Դրանց առավել մեծ թիվը Երևանում է, Ծաղկաձորում, Ջերմուկում, ինչպես նաև` Դիլիջանում, Գյումրիում, Գորիսում: ($1-409.5 դրամ) -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:15 13.11.2012