«Heifer project international»–ի հայկական ներկայացուցչությունը չորս երկիր այցելելու միասնական զբոսաշրջային փաթեթ է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. «Heifer project international»–ի հայկական ներկայացուցչությունը ներկայացրել է ԵՄ–ի «Տարածաշրջանային այցելուի միասնական փաթեթ» ծրագիրը, որը թույլ է տալիս այցելել Հայաստան, Վրաստան, Թուրքիա և Բուլղարիա մեկ երթուղու շրջանակում, հինգշաբթի փաթեթի շնորհանդեսի ժամանակ ասաց «Հեյֆերի» հայկական գրասենյակի տնօրեն, ծրագրի տարածաշրջանային համակարգող Անահիտ Ղազանչյանը։
«Փաթեթի ստեղծման նպատակն է ներկայացնել մեր տարածաշրջանը, որպեսզի զբոսաշրջիկներն ավելի շատ պատկերացում կազմեն դրա մասին։ Մենք առաջարկել ենք տասը տարբեր զբոսաշրջային ուղղություն, որոնցից յուրաքանչյուրը ներառում է այդ չորս երկրները», – պարզաբանեց Ղազանչյանը։
Նրա խոսքով` ծրագրում ընդգրկված են Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան։ Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել համագործակցության տարածաշրջանային ցանցեր գյուղական զբոսաշրջության ոլորտում։
«Մենք ներկայացրել ենք փաթեթը չորս երկրների զբոսաշրջային օպերատորներին։ Այսօր ես կներկայացնեմ նաև կայքը, որը ստեղծվել է ծրագրի շրջանակում», – ասաց Ղազանչյանը։
ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան իր հերթին նշեց, որ գյուղական զբոսաշրջության և գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը շարունակական են բնույթ կրում։ Նրա խոսքով` այդ ծրագրերի շնորհիվ ամրապնդվում է տարածաշրջանային համագործակցությունը։
Հրիստեան պարզաբանեց, որ սա վերջին ծրագիրը չէ, որը ԵՄ–ն իրականացնում է Հայաստանում։ Մասնավորապես, ապրիլին կմեկնարկի ծրագիր, որն ուղղված է օրգանական սննդամթերքի արտադրությանը։
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը նշեց, որ ծրագիրն ուղղված է ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև գյուղական համայնքների զարգացմանը։
«Տարածաշրջանային այցելուի միասնական փաթեթը» մշակվել է «Նորարարական ագրոտուրիզմի խթանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է ԵՄ–ի կողմից 473 000 եվրոյի չափով Հարևանության և գործընկերության եվրոպական գործիքի միջոցով։ Ծրագիրը մեկնարկել է 2013թ.–ի նոյեմբերին, տևողությունը կազմում է 18 ամիս։ Այն ուղղված է Սևծովյան ավազանի երկրների (Հայաստան, Բուլղարիա, Թուրքիա, Վրաստան) համագործակցության ամրապնդմանը։ Ծրագրի շրջանակում ստեղծվում են ագրոտուրիզմի զարգացմանն ուղղված համակարգեր։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:29 19.03.2015