Քաթարցի գործարարներին հրավիրել են Հայաստան՝ Երևանում կայանալիք Զբոսաշրջային ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/ԱՌԿԱ/․ Մայիսի 4-ին Քաթարի առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։
Պատվիրակությանն ընդունել է պալատի անդամ և զբոսաշրջության կոմիտեի նախագահ շեյխ Համադ բին Ահմեդ Ալ Թանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Քաթարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Տիգրան Գևորգյանը։
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-քաթարական համագործակցության խորացման ուղիները, ներդրումային հնարավորությունները և Հայաստանում Քաթարի ներդրումների խթանման մեխանիզմները։
Գևորգյանը կարևորել է երկկողմ համագործակցության զարգացումը, ներկայացրել Հայաստանի զբոսաշրջային ներուժը և հրավիրել գործարարներին այցելել Հայաստան՝ ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և մասնակցելու ս․թ․ նոյեմբերին Երևանում կայանալիք Զբոսաշրջային ցուցահանդեսին։