Ի՞նչն է խանգարում հայկական բիզնեսին զարգանալ. Բակուր Մելքոնյան
15.02.2023,
14:35
«Ասում են բիզնեսմենը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, ես դրան համամիտ եմ, բայց ասել բիզնեսը չի զբաղվում քաղաքականությամբ էլի սխալ է, որովհետև բիզնեսը, առնվազն տնտեսությունը, ընդհանուր քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունի: Պետության արտաքին քաղաքականությունից սկսած մինչև տնտեսական որոշումներ՝ անդրադառնում են բիզնեսի վրա: Անգամ արդար դատական համակարգը, ու՞մ է ձեռնտու, առաջինը՝ բիզնեսմենին, ներդրողին: Բիզնեսը պետք է քաղաքականությանը խառնվի հանուն արդարության»,- «Առկա-Բիզնես» հաղորդմանը տված հարցազրույցում ասում է գործարար Բակուր Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում հարկային բեռը մյուս զարգացած երկրների համեմատ ավելի ցածր է, բայց խնդիրը հարկի ոչ թե բարձր կամ ցածր լինելն է,այլ արդար լինլու: Անարդարության սկզբունքն այն է, որ դու վճարում ես մի հարկ, որը կողքինդ չի վճարում: Այսինքն չեն գործում հավասար մրցակցային պայմաններ բոլորի համար: Խոսելով պետություն-գործարար համայնք համագործակցության մասին՝ գործարարը նշում է, որ շատ բան կա անելու: Գործարարն ասում է, որ բիզնես- պետություն համագործակցությունը սաղմնային փուլում է: Կարիք կա շատ ավելի բարձր մակարդակի փոխհարաբերությունների,քանի որ երկիրը բրենդավորելու խնդիր կա, որի բացակայությունը խանգարում է բիզնեսին: Երկիրը ճանաչելի դարձնելու խնդիրը կարելի է լուծել պետություն- բիզնես համագործակցության արդյունքում, ինչից կշահեն տնտեսության բոլոր ճյուղերը: