Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Արհեստական բանականությունը ֆինանսների աշխարհում․ օգտակարություն, ռիսկեր և հեռանկարներ

31.01.2024, 11:53
Տեխնոլոգիաներ և ֆինանսական ոլորտ, վիզուալիզացում և ռոբոտներ, տվյալների մշակում և կիբերհանցագործություններ, այս հասկացություններն ամուր հաստատվել են շատ մարդկանց կյանքում և բերում են թե՛ օգուտ, թե՛ ռիսկեր
Արհեստական բանականությունը ֆինանսների աշխարհում․ օգտակարություն, ռիսկեր և հեռանկարներ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի․/ԱՌԿԱ/․ Տեխնոլոգիաներ և ֆինանսական ոլորտ, վիզուալիզացում և ռոբոտներ, տվյալների մշակում և կիբերհանցագործություններ, այս հասկացություններն ամուր հաստատվել են շատ մարդկանց կյանքում և բերում են թե՛ օգուտ, թե՛ ռիսկեր:

Այս բոլոր հարցերը դարձել են «Ամունդի–Ակբա 2024 տնտեսական համաժողովի» շրջանակում կայացած «Արհեստական բանականությունը կայուն ֆինանսների համար․ մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկման թեման։  

Օգնության չսպասել, այլ օգնել զարգանալ 

Ամունդի ինստիտուտի Ներդրողների գրագիտության և Ակադեմիական համագործակցության բաժնի ղեկավար Մարի Բրիերը կարծում է, որ ֆինանսական կառույցները պետք է չսպասեն տեխնոլոգիաների զարգացմանը, այլ համագործակցեն տեխնոլոգիաների մշակողների հետ տարբեր փուլերում և օգնեն տեխնոլոգիաների առաջընթացին։

Նա նշեց, որ տեխնոլոգիական ընկերությունների, վերահսկող մարմինների, ֆինանսական կազմակերպությունների նման գործընկերներությունը, որը վերաբերում է խնդիրների քննարկմանն ու ռիսկերի գիտակցմանը, օգնում է աճել և սովորել։

ՀՀ ԿԲ–ն նախաձեռնո՞ղ, թե՞ արձագանքող

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ԿԲ–ն վերաբերվում թվային ոլորտի նորարարական փոփոխություններին, ասաց․

«ԿԲ–ն պատասխանատու չէ այս ոլորտի համար, բայց միևնույն ժամանակ մենք նպաստում ենք աճին, ձգտում ենք, որպեսզի Հայաստանը զարգանա։ Մեր հիմնական գործառույթը գների կայունությունը ապահովելն է, և մեր բոլոր որոշումները պայմանավորված են մեր լիազորությունների շրջանակով։ Երբ տեսնում ենք, որ տեխնոլոգիան վերափոխում է տնտեսությունը, չենք ձեռնարկում նախաձեռնողական քայլեր»։

Միաժամանակ նա պարզաբանեց, որ նման մոտեցումը հատուկ է ոչ միայն Հայաստանին․ ամբողջ աշխարհում գրեթե բոլոր կարգավորիչ մարմինները նույն կերպ են գործում։

«Մենք փորձում ենք տեսնել զարգացում, ինչից հետո կատարում ենք կարգավորումներ։ Պահպանողական ենք․ հետևում ենք զարգացումներին, խթանում ենք բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին փորձելու նոր տեխնոլոգիաներ՝ միևնույն ժամանակ հասկանալով, թե արդյոք անհրաժեշտ են այդ տեխնոլոգիաները: Միայն սրանից հետո ներկայացնում ենք սեփական դիրքորոշումը», – ասաց Գևորգյանը։

Амунди, Amundi, ИИ

ՏՏ, բիզնես և ֆինանսական ոլորտ

Անկախ փորձագետ, գիտնական–գործադիր տնօրեն Արմէն Խրլոբեանը կարծում է, որ ՏՏ–ի և աշխատուժի միջև փոխադարձ կապի լուրջ խնդիրներ կան էթիկայի և տվյալների գաղտնիության հարցում։

«Մասնավորապես, երբ տվյալները բաց են, մի պետությունը կարող է հեշտությամբ վերլուծել մեկ այլ երկրի տվյալները», – ասում է նա։

Մյուս կողմից, նրա խոսքով, ավտոմատացված տեխնոլոգիաներն ի վիճակի են աշխատանք կատարել բարդ պայմաններում, որոնցում մարդը չի կարող աշխատել կամ նման աշխատանքը ռիսկային է։

«Միաժամանակ գաղտնիության հարցն առաջին տեղում է, իսկ աշխատուժի փոխարինումը՝ երկրորդ», – ավելացրեց Խրլոբեանը։

Գարեգին Գևորգյանն, անդրադառնալով արհեստական բանականությամբ գործիքներ օգտագործող կիբերհանցագործների դեմ խիստ միջոցների անհրաժեշտությանը, նշեց, որ «սրի և վահանի միջև պայքարը» շարունակվում է ողջ պատմության ընթացքում և հավերժ է լինելու։  

«Ցանկացած ոլորտում, այդ թվում՝ ֆինանսական, մենք տեսնում ենք համակարգեր, որոնք զարգանում են հանցագործների կողմից, բայց կան նաև պաշտպանական մեխանիզմներ։ Մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեզ և պետք է իմանանք, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում կիբերհանցավորության ոլորտում։ Անհրաժեշտ է ձևավորել հնարավորություններ, համակարգեր, գործընթացներ, ունենալ աշխատակիցներ (համապատասխան որակավորմամբ, խմբ․)», – ասաց նա։

ԿԲ–ի կողմից ձեռնարկվող միջոցների թվում Գևորգյանը նշեց, որ կառույցը զբաղվում է Հայաստանում կիբերանվտանգության հնարավորությունների զարգացմամբ։ «Մենք փորձում ենք երաշխավորել, որպեսզի հայկական հասարակությունը լինի բաց, կարողանա օգտվել համացանցի և թվային աշխարհի բոլոր հնարավորություններից՝ միաժամանակ պաշտպանված լինելով կիբերհարձակումներից», – ընդգծեց նա։ 

Ինչպիսին կլինի ֆինանսական ոլորտի ընդհանուր լանդշաֆտը 10 տարի անց

Մարի Բրիեր․ «Ֆինանսական ոլորտում կզարգանա ռոբոտակոնսալտինգը։ Մարդիկ դեռ սովոր չեն դրան, բայց եթե պատկերացնենք մի աշխարհ, որտեղ ռոբոտն ամբողջովին մարդկային տեսք կունենա, կխոսի մարդու նման, կտա հարցերի համապատասխան պատասխաններ, ապա մենք լուրջ առաջընթացներ կտեսնենք մարդու և ռոբոտի հարաբերություններում։ Պետք է սովորել նրան, որ մենք կունենանք վիրտուալ օգնական, որը կօգնի մեզ բազմաթիվ հարցերում»։ 

Արմէն Խրլոբեան․ «Թվային օգնականը կարող է ունենալ ֆիզիկական մարմնացում։ Բայց կա նաև ապոկալիպտիկ տեսլական․ ռոբոտները կփոխարինեն գրասենյակային աշխատողների մեծ մասին, ինչը լրջորեն կփոխի աշխատաշուկան։ Մյուս կողմից, ՏՏ օգնականը կարող է մեծապես աջակցել բժշկության այնպիսի ոլորտում, ինչպիսին ռադիոլոգիան է»։ 

Գարեգին Գևորգյան․ «Արհեստական բանականությունն առաջընթաց կամ արմատական զարգացում չէ, այլ միայն հնարավորությունների կուտակում, ինչը թույլ կտա մեզ կատարել ավելի շատ աշխատանք։ Մենք ծուլացել ենք, այլևս գիրք չենք կարդում, հնարավոր է՝ կորցնենք մեր ստեղծագործական հնարավորությունները։ Բայց մյուս կողմից վստահ եմ, որ «խելքի համար հեծանիվները» պետք է օգտագործվեն կյանքը հեշտացնելու համար, քանի որ հիմնական և վերջնական նպատակը մարդու երջանկությունն է»։