BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/ԱՌԿԱ/․ BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները։
Փետրվարի 19–ին Ամերիաբանկը հայտնել է, որ համաձայնություն է ձեռք բերել Միացյալ Թագավորությունում (ՄԹ) գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ։
«Առաջին հերթին պետք է ասեմ, որ Ամերիաբանկը չափազանց հաջող բիզնես է։ Ամերիաբանկը կշարունակի ստեղծել իր հաջողության պատմությունը՝ մնալով առաջատար հայկական բանկը նույն ապրանքանիշով։ Մենք շատ ուրախ ենք հայտարարել , որ բանկի ներկայիս թիմը նույնպես շարունակելու է կառավարել բանկը», – ասաց Քարվլը։
Նա հույս հայտնեց, որ խումբը բանկին կտա որոշ առավելություններ։ Առաջինն ու ամենագլխավորն այն է, որ բանկի հաճախորդների համար կստեղծվեն էլ ավելի մեծ հնարավորություններ, քանի որ այն կդառնա ավելի խոշոր բանկային խմբի մաս, որն ունի ուղիղ հասանելիություն կապիտալի միջազգային շուկաներին։
«Մենք նաև հույս ունենք, որ երկու բանկերի ղեկավար թիմերը, միասին աշխատելով, կկարողանան էլ ավելի բարելավել բանկի հաճախորդների փորձառությունը Հայաստանում։ Մենք իրականացրել ենք շատ խոշոր ներդրումներ տեխնոլոգիական զարգացման մեջ, որպեսզի մեր հաճախորդները ստանան հասանելիություն իրենց անհրաժեշտ ծառայություններին ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ», – ասաց Քարվլը։
Նա հայտարարեց, որ իրենք ֆինանսական ներառականության մեծ ջատագովներ են։
«Այն իրենից ներկայացնում է այնպիսի պրոդուկտների ստեղծում, որոնք օգտակար կլինեն ֆինանսական համակարգից օգտվելու սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց համար։ Մենք ջանք ենք ներդնում այնպիսի պրոդուկտների մշակման գործում, որոնք հասանելի են, կիրառելի և օգտակար այդ մարդկանց համար։ Բացի այդ մեծ կարևորություն ենք տալիս մարդկանց կրթելուն, քանի որ ակնհայտորեն այդ մարդիկ ֆինանսական համակարգից օգտվելու դժվարություններ կունենան, եթե չլինեն ֆինանսապես գրագետ։ Մենք մեծ ջանքեր ենք ներդնում նրանց կրթելու ուղղությամբ», – ասաց Քարվլը։
BOGG PLC ֆինանսական խմբի ղեկավարը նաև կարևորեց թվային տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում, քանի որ դրանք հասանելի են դարձնում բանկային պրոդուկտները։ Նա նշեց, որ թվային գործիքները կարելի է նաև օգտագործել մարդկանց կրթելու համար։ Նրա խոսքով, թվային մոտեցումները խթանում են բիզնեսի աճը։
«2024թ․–ին սպասվում է աշխարհում տնտեսական աճի չնչին դանդաղում։ Սակայն մենք չենք ակնկալում որևէ բացասական երևույթ այն երկրներում, որտեղ ներկայացված ենք։ Այդ երկրները շարունակում են արագ աճել, տնտեսական աճը բարձր է, գնաճը՝ վերահսկելի, մի շարք մակրոգործոնների առկայությունը թույլ է տալիս դրական գնահատել ապագան։ Մենք շատ վստահ ենք Հայաստանի ապագայում։ Հայաստանի տնտեսությունը մեզ համար շատ գրավիչ է», – հայտարարեց Քարվլը։
Նա փաստեց, որ Հայաստանն աչքի է ընկնում դինամիկ ու արագ զարգացող տնտեսությամբ։ Վերջին հինգ տարում ՀՆԱ–ն գրանցել է միջինը տարեկան մոտ 5% աճ, որը գերազանցում է համաշխարհային աճի միջին ցուցանիշը։ Այս ամենը վկայում է շուկայի գրավչության մասին։
«Ինչ վերաբերում է բանկային ոլորտին, ապա այն ունի կապիտալիզացիայի բարձր մակարդակ, չաշխատող վարկերի ցածր ցուցանիշ, և այս ամենը, իհարկե, Հայաստանի կենտրոնական բանկի ուժեղ ու խելամիտ կարգավորման աշխատանքի արդյունքն է։ Այսպիսով, մեզ համար շատ լավ հնարավորություն է ընդլայնել գործունեությունը և ստեղծել մրցակցային առավելություն փորձի փոխանակման և Ամերիաբանկին կապիտալի միջազգային շուկաներ հասանելիություն տրամադրելու տեսակետից», – ասաց նա։
Նրա խոսքով, BOGG բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայի պրեմիում հարթակում FTSE-250 ինդեքսով։ Մեր բաժնետիրական կազմում են խոշոր ներդրողներ Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, Եվրոպայից։ Խոսքն այնպիսի աշխարհահռչակ ընկերությունների մասին է, ինչպիսիք են JP Morgan–ը, Vanguard–ը, Blackrock–ը, Schroders–ը։
Խորհրդի նախագահը հիշեցրեց, որ հաճախորդամետ քաղաքականությունը BOGG–ի ռազմավարության առաջնահերթությունն է, բանկը հանձնառու է բարեփոխելու մարդկանց կյանքը։
«Մենք տարիներ շարունակ մեծ ներդրումներ ենք կատարել տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ, որոնց նպատակն է լինել հաճախորդների կողքին իրենց նախընտրելի վայրում և նախընտրելի ժամանակում։ Ընկերությունը որոշեց ցուցակում անցնել Լոնդոնի ֆոնդային բորսայում՝ ելնելով մի շարք պատճառներից։ Դա հասանելիությունն է կապիտալի միջազգային շուկաներին, հարուստ միջազգային փորձ ունեցող անդամների ներգրավման հնարավորությունը, որոնք իրենց փորձն ու գիտելիքն են փոխանցել մյուս ղեկավար անդամներին», – ասաց Քարվլը։–0–