Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Հարավկովկասյան երկաթուղին» գործադուլ է հայտարարել

23.10.2019, 15:58
Երեկվանից լոկոմոտիվային բրիգադները գործադուլ են հայտարարել, ինչի արդյունքում չեն աշխատում ո՛չ ուղևորափոխադրող և ո՛չ էլ բեռնափոխադրող գնացքները:
«Հարավկովկասյան երկաթուղին» գործադուլ է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի»-ն գործադուլ է հայտարարել։ Այս մասին հաղորդում է yerkir.am–ը` հղում անելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանին։

«Երեկվանից լոկոմոտիվային բրիգադները գործադուլ են հայտարարել, ինչի արդյունքում չեն աշխատում ո՛չ ուղևորափոխադրող և ո՛չ էլ բեռնափոխադրող գնացքները: Չեղարկվել են ինչպես Երևան-Թբիլիսի գնացքի մեկնումը, այնպես էլ միջքաղաքային փոխադրումները: Այն ուղևորներին, որոնք նախապես են գնել տոմսերը, տոմսի գումարը հետ է վերադարձվում և այլ փոխհատուցում չի տրվում: Այս պահի դրությամբ տոմսերի վաճառք չի իրականացվում», – տեղեկացրել է նա։

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» այս պահի դրությամբ գործադուլի պատճառները չի հստակեցնում:

«Ռուսական երկաթուղու» և ՀԿԵ–ում տիրող իրավիճակի մասին

Ավելի վաղ RTVI հեռուստաալիքը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերութունը պատրաստվոմ է լուծարել Հայաստանի իշխանությունների հետ կնքած պայմանագիրը, քանի որ ՀՀ իշխանություններն արգելափակում են նրա դուստր` «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունը, որը կառավարում է հայկական երկաթուղին: Ավելի ուշ ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով ՌԴ տրանսպորտի նախարարությանը, հայտնեց, որ ռուսական կողմը մշակում է Հայաստանի երկաթուղիների կառավարման հետ կապված իրավիճակի զարգացման բոլոր տարբերակներն` ընդհուպ մինչև հայկական կողմի հետ «Ռուսական երկաթուղիների» պայմանագրի վաղաժամ խզում։

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ լարվել են անցկացված խուզարկությունների և հարուցված քրեական գործերի պատճառով:

Մասնավորապես, 2018թ.–ի օգոստոսին Հայաստանում գործող «Հարավկովկասյան երկաթուղիների» գրասենյակում իրականացվել են խուզարկություններ 19 հազար դոլարի հարկ չվճարելու կասկածանքով։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն տեղեկացրեց տրանսպորտի նախկին փոխնախարարի դեմ հարուցված քրեական գործի մասին, ով իբր թաքցրել է ՀԿԵ–ում ստուգումների ժամանակ բացահայտված չարաշահումները։ Բացի այդ, 2018թ.–ին ՔԿ–ն սկսել է ստուգել ընկերության 10 տարվա գործունեությունը` մասնավորապես ստուգելով  226,8 մլն դոլարի ներդրումների արդյունավետությունը։ Դրան ի պատասխան` ընկերությունից հայտնել են, որ տարվող քննությունն օբյեկտիվ չէ։

ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն ավելի վաղ ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը, չնայած տարածվող տեղեկատվությանն այն մասին, որ «Ռուսական երկաթուղիները» կարող են դադարեցնել գործունեությունը հանրապետության տարածքում, նախատեսում է զարգացնել համագործակցությունը ռուսական ընկերության հետ։

«Մենք, հակառակը, նպատակաուղղված ենք զարգացնել  ներդրումային նախագծերը «Ռուսական երկաթուղիների» հետ», – նշել է նա։ 

Սեպտեմբերի վերջին Երկաթուղային տրանսպորտի խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի փորձագիտական խորհրդի նախագահ Պավել Իվանկինն «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիներն» ու ՌԴ տրանսպորտի նախարարությունը «եռման պրոցեսում են», և այդ հարցը կլուծվի մինչև տարեվերջ։

«Հարավկովկասյան երկաթուղու» մասին

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը:

Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:–0–