Wildberries–ը հետաքրքրված է Հայաստանում պահեստային կենտրոնի կառուցմամբ
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Wildberries ընկերությունը, որը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքում գործող խոշորագույն առցանց մանրածախ վաճառք իրականացնող ընկերությունն է, հետաքրքրված է պահեստային կենտրոնի կառուցմամբ Հայաստանում։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է ավելի քան 30 պատվերների տրամադրման կետեր:
Էկոնոմիկայի նախարարությունից նշեցին, որ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ընկերության գործունեության զարգացման և Wildberries ընկերության շուկայի բարձր ներուժը` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է ընկերության հետ համագործակցությունը, առավելապես ընկերության հարթակում հայկական արտադրանքի ներկայացվածության ապահովման ուղղությամբ։
Նշվում է, որ գրությամբ ընկերությունը խնդրել էր համագործակցության վերաբերյալ հարցերով հանդիպում:Հանդիպումը կայացել է տեսակոնֆերանսի միջոցով, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների և Wildberries-ի ներկայացուցիչների հետ։
Նախանշվել է ընկերության հետ համագործակցության հետևյալ ուղղությունները.
• Հայկական փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման նպատակով էլեկտրոնային առևտրի հիմքերի և «WILDBERRIES» ընկերության պորտալի հետ փոխհամագործակցության մասով հայկական արտադրողներին ուսուցման համար միջոցառումների անցկացում,
• Հայաստանում 5000 մ2 մակերեսով տեսակավորման կենտրոնի հետ համակցված Wildberries լոգիստիկ պահեստային կենտրոնի կառուցում, որը նպատակ ունի կրճատել ինչպես ներմուծվող ապրանքի մատակարարման ժամանակը, այնպես էլ պարզեցնել տեղական արտադրանքի արտահանման ժամանակ տրանսպորտային և պահեստային մշակման գործընթացը:
Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ կկազմակերպվեն դասընթացներ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ (ըստ ոլորտների), որի առնչությամբ նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել նշված գործընթացը կազմակերպելու ուղղությամբ։
Wildberries–ի մասին
Wildberries –ի խոշորագույն առցանց մանրածախ վաճառք իրականացնող ընկերությունն է Ռուսաստանը, որն աշխատում է շուկայում 2004թ.–ից։ Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է հետևյալ 6 երկրների շուկաներում` Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Լեհաստանի: Wildberries–ի շրջանառությունը 2020թ.–ին հասել է 437,2մլրդ ռուբլու (+96% տարեկան հաշվարկով)։
Wildberries–ի հարթակում ներկայացված է շուրջ 30 հազար ռուսական և արտասահմանյան ապրանքանիշերի ավելի քան 4մլն ապրանք` հագուստ, կոշիկներ, աքսեսուարներ, դիմահարդարման պարագաներ, մանկական իրեր, տեխնիկա և էլեկտրոնիկա, տան համար նախատեսված ապրանքներ, ոսկերչական զարդեր, սննդամթերք, գրքեր և այլն։–0–