Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԱՆԻՖ-ի ֆոնդն իրականացնում է առաջին ելքը պորտֆելային ընկերությունից` վաճառելով իրեն պատկանող բաժնետոմսերը գործընկերոջը, ծրագրի ընդհանուր արժեքը 1,085,500,000 դրամ է

04.08.2023, 21:20
Այսպիսով, Ֆոնդը ներդրում է իրականացրել մասնավոր ընկերությունում, ձեռք բերել բաժնետոմսեր
ԱՆԻՖ-ի ֆոնդն իրականացնում է առաջին ելքը պորտֆելային ընկերությունից` վաճառելով իրեն պատկանող բաժնետոմսերը գործընկերոջը, ծրագրի ընդհանուր արժեքը 1,085,500,000 դրամ է

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) դուստր ընկերության կողմից կառավարվող` «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը վաճառում է «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունների խմբի հետ համատեղ իրականացվող «Սերմից ֆերմա» ընկերությունում ունեցած բաժնետոմսերը նույն ընկերությանը, հաղորդում է ԱՆԻՖ-ի մամուլի ծառայությունը:

«Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը և «Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունների խմբի համատեղ ծրագիրը ֆոնդի հաջողված նախագծերից է, որը թույլ է տալիս ամբողջացնել ընկերության` «Սերմից՝ սեղան» (From seed to table) հայեցակարգը:

Այսպիսով, Ֆոնդը ներդրում է իրականացրել մասնավոր ընկերությունում, ձեռք բերել բաժնետոմսեր, իսկ երկու տարի անց, փոխադարձ համաձայնությամբ, հետ վաճառել բաժնետոմսերն այդ ընկերությանը, որն արդեն առանց ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի մասնակցության կշարունակի իր բնականոն գործունեությունը։

Հիշեցնենք, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1,085,500,000 ՀՀ դրամ, որից Ֆոնդի ներդրումը` 265,925,000 ՀՀ դրամ:

«Երկու տարվա ընթացքում ֆոնդի ներդրումը լիարժեք կատարեց իր առաքելությունը՝ նպաստելով բիզնեսի ստեղծմանն ու կայացմանը, միաժամանակ կարճ ժամանակահատվածում ֆինանսական դրական արդյունք ապահովելով ներդրողի՝ տվյալ դեպքում ՀՀ կառավարության համար։ Կարծում ենք` Հայաստանում բաժնեմասնակցային ֆինանսավորման կայացման հիմքում հենց այսպիսի հաջող գործարքներն են, որից գոհ է մնում թե՛ բիզնեսը և թե՛ ներդրողը։ Մենք շնորհակալ ենք մեր գործընկերոջը համագործակցային աշխատելաոճի համար և հաջողություն ենք մաղթում հետագա նախաձեռնություններում»,- գործարքը մեկնաբանել է ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ընկերության տնօրեն Բելլա Մանուկյանը։

«Հայր և որդի Երեմյաններ» ընկերությունների խումբը 2020թ.-ին սկսել է տոհմային անասնաբուծությունը և այժմ իրացնում է իր կաթնամթերքը «Երեմյան փրոդաքթս» անվանմամբ: Հայաստանյան շուկայում անասնակերի առաջարկը բավարար չէր եղել կազմակերպության պահանջարկը բավարարելու համար, և անհրաժեշտություն էր առաջացել գնել սեփական հողատարածք և արտադրել անասնակեր սեփական կարիքների բավարարման համար: Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում ձեռք Է բերվել 225 հա հողատարածք, որի վրա աճեցվել է առվույտ և եգիպտացորեն: Բացի այդ ձեռք է բերվել նաև 19 կտոր ժամանակակից գյուղտեխնիկա, ներդրվել ոռոգման ժամանակակից համակարգ:

Նշենք, որ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի մասնակցությունը համատեղ ծրագրերում սահմանափակվում է 10 տարի ժամկետով, նախնական համաձայնեցված ռազմավարությամբ` բաժնետոմսերի վաճառք գործընկերոջը: Ֆոնդի մասնակցությունը կապիտալում կազմում է 25.1% – 49.9% , իսկ մասնակցության չափը մեկ ծրագրում՝ 0.5 – 4մլն ԱՄՆ դոլար:-0-