Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» III միջազգային համաժողովը

22.10.2018, 11:14
Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» III միջազգային համաժողովը, Փաշինյանը ծանոթացավ ցուցանմուշների հետ։
Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» III միջազգային համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» ԵՏՄ անդամ պետությունների ամենամյա ցուցահանդեսային համաժողովը։ 

Ցուցահանդեսային համաժողովի հիմնական նպատակն է ստեղծել հնարավորություններ ԵՏՄ տարածքում գործընկերային կապերի զարգացման համար։ «Եվրասիական շաբաթվա» ուշադրության կենտրոնում են ԵՏՄ տարածքում բարենպաստ գործարար միջավայրի ստեղծումը, արտադրական կապերի ամրապնդումն ու արտահանման ներուժի զարգացումը։ 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ ծանոթացավ ցուցահանդեսի շրջանակում ներկայացված ընկերություններին, դրանց արտադրանքին և հնարավորություններին։

Համաժողովը կտևի մինչև հոկտեմբերի 24–ին։ Միջոցառման շրջանակում կհանդիպեն ԵՏՄ երկրների վարչապետերն ու կառավարությունների պրոֆիլային նախարարները, պետական կորպորացիաների և անդամ պետությունների, միության գործընկեր երկրների առաջատար բիզնեսի ղեկավարները։

Միության տարածքում կազմակերպվող խոշորագույն միջազգային համաժողովն իր շուրջը կհամախմբի ավելի քան 2,5 հազար մասնակից` ավելի քան 25 երկրներից։ Գործարար միջոցառումներին ելույթ կունենան 160 խոսնակներ, այդ թվում` ԱՄՆ–ից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Բելգիայից, Սինգապուրից, Չինաստանից։ 

Այս տարի «Եվրասիական շաբաթ» միջազգային գործնական համաժողովն անցկացվում է «ԵՏՄ. տարածք բիզնեսի համար» նշանաբանի ներքո և բաղկացած է լինելու երկու մասից` ցուցահանդեսային և գործնական։

Համաժողովի պլենար նիստը, որին կմասնակցեն Միության երկրների վարչապետերը, նվիրված է բիզնեսի ներուժի ավելացմանն ինտեգրման պայմաններում։ Համաժողովի շրջանակում Երևանում կանցկացվի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը։

Ընդհանուր առմամբ, «Եվրասիական շաբաթվա» գործնական ծրագիրը նախատեսում է երեք ուղղություն. ռազմավարական`Միության ապագա զարգացման հարցերի քննարկմամբ, ոլորտային, որը նվիրված է առաջնահերթ ոլորտներում առկա համագործակցությանը և գործարար, որի շրջանակում շեշտադրվում է ԵՏՄ խոշոր, միջին և փոքր բիզնեսի փոխգործակցությունը։ 

«Եվրասիական շաբաթ» համաժողովն ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է ԵՏՄ երկրների և ԵՏՀ–ի կողմից։ Համաժողովի անցկացման նախաձեռնությունը հաստատվել է 2015 թ.–ի մայիսին` ԵՏՄ անդամ պետությունների 5 վարչապետերի որոշմամբ։ Միջոցառումը նպաստում է B2B և B2G կապերի հաստատմանը։

Համաժողովն առաջին անգամ կազմակերպվել է 2016 թ.–ի հոկտեմբերին «Բաց նորարարություններ» մոսկովյան միջազգային համաժողովի հարթակում։ Երկրորդ համաժողովն անցկացվել է 2017 թ.–ի օգոստոսին Աստանայում։ Համաժողովին մասնակցել է ավելի քան 2 հազար մարդ` 46 պետություններից, այդ թվում` Վիետնամից, ԵՄ–ից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Իրանից, Չինաստանից, ԱՄՆ–ից և Թուրքիայից։–0–