Wildberries–ով հայ արտադրողների արտադրանքի վաճառքի ծավալների աճը հասնում է տարեկան շուրջ 8 մլն դոլարի. ընկերությունը նախատեսում է ՀՀ–ում իրականացնել լայնածավալ ներդրումներ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Wildberries ընկերության հիմնադիր գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը Երևանում հանդիպել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարը, ինչպես նաև օրենսդրական և իրավական դաշտի զարգացման հնարավորությունը՝ միջազգային էլեկտրոնային առևտրաշրջանառության զարգացմանը համահունչ։
Ինչպես հայտնում է Արշակյանի Facebook–յան իր էջում, Wildberries–ը նախատեսում է Հայաստանում իրականացնել լայնածավալ ներդրումներ՝ կառուցելով նոր լոգիստիկ և սորտավորման կենտրոններ։
Զրուցակիցները քննարկել են նաև տեղական արտադրողների ապրանքները միջազգային շուկա արտահանելու հնարավորությունների ընդլայնումը։ Այս համատեքստում կարևորվել է Հայաստանի ազգային փոստային օպերատորի՝ ՀայՓոստի հետ համագործակցության զարգացումը։
«Տատյանա Բակալչուկը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և գոհունակությամբ արձանագրել հայ արտադրողների արտադրանքի վաճառքի ծավալների աճը «Վայլդբերիզ» պլատֆորմի միջոցով, որը հասնում է տարեկան շուրջ 8 միլիոն ԱՄՆ դոլարի և տարեցտարի աճում է երկնիշ ցուցանիշերով։ Հայփոստի հետ համագործակցության վերաբերյալ նշվեց, որ 2022 թ․ պլանավորվում է համագործակցել ավելի քան 60 նոր մասնաճյուղերում», – նշել է Արշակյանը։
Բակալչուկի այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիումներ և համագործակցության հուշագրի ստորագրում «Վայլդբերիզ» ընկերության և ՀայՓոստի միջև։
Հանդիպման ընթացքում կարևորվել է ապրանքների և ծառայությունների հասանելիության բարձրացումը քաղաքացիների համար՝ անկախ բնակչության աշխարհագրական վայրից։
Wildberries–ի մասին
Wildberries –ի խոշորագույն առցանց մանրածախ վաճառք իրականացնող ընկերությունն է Ռուսաստանը, որն աշխատում է շուկայում 2004թ.–ից։ Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է հետևյալ 6 երկրների շուկաներում` Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Լեհաստանի: Wildberries–ի շրջանառությունը 2020թ.–ին հասել է 437,2մլրդ ռուբլու (+96% տարեկան հաշվարկով)։
Wildberries–ի հարթակում ներկայացված է շուրջ 30 հազար ռուսական և արտասահմանյան ապրանքանիշերի ավելի քան 4մլն ապրանք` հագուստ, կոշիկներ, աքսեսուարներ, դիմահարդարման պարագաներ, մանկական իրեր, տեխնիկա և էլեկտրոնիկա, տան համար նախատեսված ապրանքներ, ոսկերչական զարդեր, սննդամթերք, գրքեր և այլն։–0–