Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Այսօրվանից գիծ է դուրս գալու 15 տրոլեյբուս

02.12.2024, 16:02
Երևանում կգործեն նոր տրոլեյբուսներ, որոնք կբաշխվեն մի քանի երթուղիներով
Այսօրվանից գիծ է դուրս գալու 15 տրոլեյբուս

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 2-ից Երևանում կշահագործվի 15 նոր տրոլեյբուս։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Նա պարզաբանեց, որ խոսքը համայնքի միջոցներով ձեռք բերված այն տրոլեյբուսների մասին է, որոնք 8,5 մ երկարությամբ 171 ավտոբուսի հետ միասին մինչև հոկտեմբերի վերջ (մի քանի խմբաքանակով) հասցվել են քաղաք։

Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ նոր ավտոբուսների շահագործումը կսկսվի 2025թ հունվարի 1-ից։

Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը ներկայացրել է հասարակական տրանսպորտի երթևեկության փոփոխությունները՝ հաշվի առնելով նոր տրոլեյբուսների գործարկումը։ Դրանք կբաշխվեն մի քանի երթուղիներով։

Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ նախատեսվել է փակել համար 2 ա և 10 ա երթուղիները:  

2Ա երթուղին կերկարացվի մինչև Նուբարաշեն, այն կսպասարկվի «Ժոնգթոնգ» մակնիշի նոր ներկրված տրոլեյբուսներով, կավելացվի երթուղում շարժակազմի քանակը՝ սահմանելով 13 միավոր, որի արդյունքում շարժման միջակայքը 21 րոպեից կնվազի մինչև 15 րոպե:

10Ա երթուղին կսպասարկվի «Յութոնգ» մակնիշի տրոլեյբուսներով, շարժման միջակայքը 21 րոպեից կնվազի մինչև 11 րոպե:

Ավելացրած շարժակազմի հաշվին կավելացվի համար 1 երթուղու շարժակազմի քանակը՝ սահմանելով 10 միավոր, շարժման միջակայքը 18 րոպեից կնվազի մինչև 14 րոպե:

Կավելացվի համար 9 երթուղու շարժակազմի քանակը՝ սահմանելով 10 միավոր, շարժման միջակայքը 18 րոպեից կնվազի մինչև 14 րոպե։

Կավելացվի համար 15 երթուղու շարժակազմի քանակը՝ սահմանելով 7 միավոր, շարժման միջակայքը կնվազի՝ 18 րոպեից դառնալով 13 րոպե։