Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2025 թ. հունվարի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ կառավարությանը փոխանցվեց «Lydian Armenia» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը

28.12.2024, 11:13
«Lydian Armenia» ընկերությունը ՀՀ կառավարությանն անհատույց փոխանցել է բաժնետոմսերի 12,5 տոկոսը
ՀՀ կառավարությանը փոխանցվեց «Lydian Armenia» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ «Lydian Armenia» ընկերությունը ՀՀ կառավարությանն անհատույց փոխանցել է բաժնետոմսերի 12,5 տոկոսը։ Համապատասխան պայմանագիրը ստորագրել են էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու «Lydian Armenia» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը։

Նշենք, որ «Lydian Armenia»–ն ունի Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիա;

«Այս համագործակցությունը մասնավոր ընկերության և կառավարության միջև կօգնի տնտեսության զարգացմանը։ Ծրագիրը կսկսի գործել հաջորդ տարվանից»,- ասաց Ալոյանը լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով, Lydian Armenia-ն ինքն է հանդես եկել նման առաջարկով, քանի որ նման խոշոր նախագծում պատասխանատվությունը բիզնեսի հետ պետք է կիսի հենց պետությունը։

Նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ այս պայմանագրի ստորագրումը նշանակում է, որ հաջողությամբ հաղթահարվել բոլոր փուլերը, իրականացվել է շատ մանրամասն աշխատանք, իսկ բոլոր ռիսկերը կամ հնչած մտահոգությունները փարատվել են։ 

«Սա մի մեգապրոյեկտ է, որը հանգեցնելու է ավելի քան հազար աշխատատեղերի ստեղծմանը, պետական բյուջե հարկերի տեսքով վճարումներ կատարելուն, բայց որ ամենակարևորն է, նպաստելու է տվյալ համայնքի զարգացմանը։ Մենք հավատում ենք այս նախագծի հաջողմանը», - նշել է Պապոյանը։ 

«Ամուլսարի հանքավայրի շահագործումը նման մեգանախագծերից մեկն է։ Մյուս մեգանախագիծը «Հյուսիս-Հարավ» ճանապարհն է, իսկ երրորդը՝ «Ակադեմիական քաղաքը» և այլն։ Ինչպես տեսնում եք, ոլորտների բազմազանությունը զգալի է», - հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ այս կամ այն նախագծերի իրականացման համար բիզնեսը հաճախ նախընտրում է դիմել կառավարության օգնությանն ու համագործակցությանը։

2023 թվականի փետրվարին Հայաստանը, ԵԱԶԲ-ն և Lydian Armenia -ն ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, ըստ որի կողմերը պատրաստ են ներգրավել շուրջ 150 միլիոն դոլար և ևս 100 միլիոն դոլար այս փաստաթղթի շրջանակից դուրս՝ Ամուլսարի հանքավայրի մշակման համար։

Փաստաթուղթը նախատեսում էր ԵԱԶԲ-ի կողմից 100 միլիոն դոլարի վարկի տրամադրում, ևս 50 միլիոն դոլար նախատեսվում էր ստանալ տեղական բանկից։2024 թվականի նոյեմբերին ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը հայտարարեց, որ բանկը պատրաստ էր աշխատել Ամուլսարի հանքավայրի նախագծի վրա, սակայն ֆինանսավորման հայտը հետ է կանչվել։ Նրա խոսքով, Հայաստանում պետք է լուծում գտնեն այս խնդրին։

Ամուլսարի հանքավայրի մասին

Ամուլսարի ոսկու հանքավայրը Հայաստանում մաքուր ոսկու պաշարներով երկրորդ հանքավայրն է։ Այն գտնվում է երկրի հարավ–արևելքում` Ջերմուկից 13կմ հեռավորության վրա։ Հանքավայրը պարունակում է մոտ 31մլն տոննա հանքաքար և 40 տոննա մաքուր ոսկի։

Lydian Armenia–ն (հիմնադրվել է 2005թ.–ին, Orion Mine Finance ամերիկյան ընկերությանը և Osisko Gold Royalties կանադական ընկերությանը պատկանող Lydian Canada Ventures–ի 100 տոկոս դուստրը) վերջին տարիներին չի կարողանում լիարժեք շահագործել Ամուլսարի հանքավայրը բնապահպանների և հանքավայրի հարակից տարածքների բնակիչների բողոքի պատճառով։ Նրանք մտահոգված են, որ հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի ստորերկրյա ջրերի և Սևանա լճի աղտոտմանն` առաջացնելով բնապահպանական աղետ։

2018–2019թթ.–ին, այնուհետև 2020թ.–ին այնտեղ պարբերաբար կազմակերպվում էին բողոքի ակցիաներ` հանքավայրի աշխատանքները դադարեցնելու պահանջով։

2021թ.–ի օգոստոսին ՀՀ քննչական կոմիտեն 2018թ.–ի հուլիսի 20–ին հարուցված քրեական գործի շրջանակում ներկայացրեց Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերության եզրափակիչ փորձագիտական եզրակացությունը։ ՔԿ–ի տվյալներով, հանքավայրի շահագործումը բնապահպանական սպառնալիքներ չի ներկայացնում, իսկ հավանական ռիսկերը հնարավոր է վերահսկել համապատասխան միջոցներ ձեռնարկելու դեպքում։