ԱՄՀ–ն միջնաժամկետ հեռանկարում կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի դանդաղում
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ԱՄՀ–ն կանխատեսում է, որ միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսության աճի տեմպը կդանդաղի մինչև 4․5 տոկոս՝ թեև կառուցվածքային բարեփոխումների արագացումը կարող է բարձրացնել աճի ներուժը։
«Հայաստանի տնտեսութունը շարունակում է պահպանել դրական հեռանկարը՝ չնայած վերջին տարիների բազմակի ցնցումներին։ Ներքին բարձր պահանջարկի շնորհիվ իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է, որ 2024 թ․ կհասնի 6 տոկոսի և 2025 թ․ ավելի չափավոր կդառնա` հասնելով շուրջ 5 տոկոսի։ Միջնաժամկետ հեռանկարում կանխատեսվում է, որ աճի տեմպը կդանդաղի մինչև 4․5 տոկոս՝ թեև կառուցվածքային բարեփոխումների արագացումը կարող է բարձրացնել աճի ներուժը», – նշվում է հիմնադրամի հայտարարության մեջ։
Ինչպես նշել է ԱՄՀ Կառավարող փոխտնօրեն և նախագահի պաշտոնակատար Բո Լին, Հայաստանի տնտեսական հեռանկարը դրական է, ընդ որում աճը բարձր է, գնաճը՝ ցածր։
«Ծրագրի (Stand-By Arrangement, խմբ․) կատարողականը բարձր է, սակայն շրջահայաց քաղաքականությունների և բարեփոխման ջանքերի շարունակումը կարևոր են մնում բուֆերների պահպանման և դիմակայունության ձևավորման համար՝ դեռևս անորոշ ներքին և արտաքին միջավայրում», - ասել է նա։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականի պետբյուջեում նախատեսված է 7 տոկոս, իսկ 2025 թվականի բյուջեով՝ 5,1 տոկոս։ Կենտրոնական բանկի այս տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ 2024 թվականի վերջին Հայաստանի ՀՆԱ-ի աճն ակնկալվում է 6%, 2025 թվականի կանխատեսումը 7,1-4,8% է, 2026 թվականի համար՝ 4,7 -7%, 2027թ․–ի համար՝ 5-6,2%։
ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2024 թվականին կանխատեսում է 6%, իսկ 2025 թվականին՝ 5,5%։ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,5 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 5 տոկոսով։ ԱՄՀ-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության 6 տոկոս աճ է կանխատեսում, իսկ 2025 թվականին՝ 4,9 տոկոս։ ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 2024 թվականին 6,2%, իսկ 2025 թվականին՝ 4,8%։ ԱԶԲ-ի կանխատեսումները 2024 թվականի համար 5,7 տոկոս են, իսկ 2025 թվականի համար՝ 6 տոկոս: Fitch Ratings գործակալության կանխատեսման համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։ S&P-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 6,2 տոկոս աճ, իսկ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,8 տոկոսով։