ՀՀ վարչապետն անհրաժեշտ է համարում ակտիվացնել համատեղ ջանքերն` ուղղված բարենպաստ պայմանների ձևավորմանը` ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով հաշվարկներին անցնելու համար
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում ակտիվացնել համատեղ ջանքերը, որոնք ուղղված են բարենպաստ պայմանների ձևավորմանը` ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով հաշվարկներին անցնելու համար։
Այս մասին նա հայտարարել է այսօր Երևանում անցկացվող ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ։
«Չնայած դրական դինամիկային, կան ոլորտներ, մասնավորապես գազի շուկան, որտեղ ԵԱՏՄ երկրների ապրանքներն ավանդաբար չեն առաջարկվում միության երկրների ազգային արժույթով, և այդ պատճառով ազգային արժույթով փոխգործակցության համար դաշտի առավելագույն ընդլայնման հարցը պետք է լինի մեր առաջնահերթություններից մեկը», – նշեց ՀՀ վարչապետը։
Նա նաև տեղեկացրեց, որ այսօրվա նիստի օրակարգում ներառված է ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման հայեցակարգի մասին հարցը։
«Սա արդեն լուրջ քայլ է ընդհանուր ֆինանսական տարածքի ձևավորման ճանապարհին, ինչպես նաև նախադրյալ է` ԵԱՏՄ–ի ժամանակակից վճարահաշվարկային համակարգի մշակման և ազգային արժույթով հաշվարկներին անցնելու նպատակով բարենպաստ պայմաններ ստեղծման համար», – նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։–0–