Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2024 թ. դեկտեմբերի 31, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայում Հայկական առևտրային գրասենյակ է բացվել

28.04.2022, 11:30
Մումբայում Արարատ Միրզոյանը բացել է Չեննայի ՀՀ պատվո հյուպատոսության ներքո գործող հայկական առևտրային գրասենյակը
Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայում Հայկական առևտրային գրասենյակ է բացվել

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 27-ին աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանից ժամանած գործարարների հետ այցելել է Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայ քաղաք։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Մումբայում Արարատ Միրզոյանը բացել է Չեննայի ՀՀ պատվո հյուպատոսության ներքո գործող հայկական առևտրային գրասենյակը։

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը հայ գործարարների պատվիրակության հետ այցելել է Հնդկաստանի ամենամեծ` Մումբայի նավահանգիստ, որտեղով անցնում է երկրի ծովային բեռնափոխադրումների ավելի քան կեսը։

«Հայկական պատվիրակությունը շրջայց է կատարել Մումբայի նավահանգստում և հյուրընկալվել նավահանգստի օպերատոր-կառավարիչ PSA Mumbai ընկերության կենտրոնակայանում, որտեղ կայացած շնորհանդեսին ներկայացվել է նավահանգստի պատմությունը, աշխատանքի մանրամասները, տարբեր ուղղություններով բեռնափոխադրումների հնարվորությունները, աշխարհի տարբեր կենտրոնների հետ կապերը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Շնորհանդեսի ընթացքում կայացած քննարկմանը մտքեր են փոխանակվել Մումբայի նավահանգստից Հայաստան բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունների ու տեխնիկական մանրամասների շուրջ։

Նույն օրը Մումբայում տեղի են ունեցել հայ և հնդիկ գործարարների հանդիպումներ (B2B):

Հնդկաստանում ՀՀ դեսպանի մասնակցությամբ կայացել է նաև հայ գործարարների հանդիպումը հնդկական խոշորագույն «Tata Group» տրանսնացիոնալ կոնգլոմերատի մաս կազմող «IHCL» ընկերության փոխնախագահի հետ։–0–