ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունը կունենան հարկային մուտքերի վրա. ՊԵԿ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունը կունենան հարկային մուտքերի վրա, քանի որ Հայաստանի տնտեսական կապը հիմնականում Ռուսաստանի հետ է, ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով՝ Հայաստանը հացահատիկ, շաքարավազ ու ձեթ հիմնականում ներկրում է Ռուսաստանից։
«Ներկրումների մեջ բավական մեծ մասնաբաժին ունի նաև Ուկրաինան, բայց հիմա Ուկրաինայից հնարավոր չէ ներմուծումները կատարել, իսկ Ռուսաստանի Դաշնությունը որոշակի որոշումներ է կայացրել ու այդ հարցը առաջիկայում կքննարկվի», - նշեց Բադասյանը։
Նշենք, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը մարտի 14–ին ստորագրել է որոշում, ըստ որի` ժամանակավորապես արգելվում է ցորենի արտահանումը ԵՏՄ պետություններ և շաքարավազի արտահանումը` երրորդ երկրներ։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ մարդիկ խանութներից չափազանց մեծ գնումներ են արել, ինչի հետևանքով էլ խնդիրներ են առաջացել: Բադասյանի դիտարկմամբ՝ նույն խնդիրը կա նաև Ռուսաստանում:
«Որոշումների վեջնական արդյունքում պետք է այնպես անենք, որ Հայաստան ներկրվող ապրանքատեսակների վրա բացասական ազդեցություն չունենանք: Առաջիկայում նոր որոշումներ կընդունվեն կամ որևէ ակտում փոփոխություն կկատարվի»,-ընդգծեց նա։
Ռուստամ Բադասյանն ասաց, որ ՌԴ-ում կան բավարար պաշարներ, որոնք կարող են ներմուծվել Հայաստան։ Նա ասաց նաև, որ ռուբլու փոխարժեքի տատանումների պատճառով հունվար-փետրվարին Հայաստանից գրանցված արտահանումների տեմպերը կնվազեն։
«Հունվար-փետրվարին հարկային եկամուտները, միջին աշխատավարձն ու հիմնական կայուն աշխատատեղերի քանակը աճ են գրանցում։ Այս պահին մտահոգությունն այնքան էլ մեծ չէ»,- հավելեց Բադասյանը։–0–