Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Այլևս չպետք է ակնկալել 1 դոլարի դիմաց 400 դրամից ցածր փոխարժեք. Freedom Broker Armenia

04.10.2023, 11:24
Այս պահին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի նման թուլացման օբյեկտիվ մակրոտնտեսական պատճառներ չկան
 Այլևս չպետք է ակնկալել 1 դոլարի դիմաց 400 դրամից ցածր փոխարժեք. Freedom Broker Armenia
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Այս պահին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի նման թուլացման օբյեկտիվ մակրոտնտեսական պատճառներ չկան։ «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց Freedom Broker Armenia-ի գործադիր տնօրեն Հովակ Հովակիմյանը։

Սեպտեմբերի 19-ից Հայաստանում ԱՄՆ դոլարը դրամի նկատմամբ օրեցօր ամրապնդվում է։ Հոկտեմբերի 2-ին դոլարը հատեց հոգեբանական շեմը՝ 400 դրամ մեկ դոլարի դիմաց՝ անմիջապես ցատկելով 8,81 տոկոսային կետով` մինչեւ 402.21 դր. Սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 2-ը ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ միջբանկային շուկայում ԱՄՆ դոլարի ընդհանուր պահանջարկը 178,3 մլն դոլարով գերազանցել է առաջարկը։ Միջին օրական պահանջարկն այս ժամանակահատվածում կազմել է 18,3 մլն դոլար, իսկ տարեսկզբից մինչև օգոստոսի միջին պահանջարկը կազմել է 3,3 մլն դոլար։ Այսպիսով, վերջին երկու շաբաթվա միջին պահանջարկը 5,56 անգամ գերազանցել է տարեսկզբի միջին պահանջարկը։

Հովակիմյանի խոսքով, Արցախից ներքին տեղահանվածների հետ կապված ծախսերը չեն գերազանցում հանրապետության պահպանման համար ծախսված ծախսերը։ Տարբեր երկրներից արդեն իսկ զգալի գումար է հատկացվել մարդասիրական օգնության համար, և, ամենայն հավանականությամբ, այս ցուցանիշն էլ ավելի կաճի։

«Ամենայն հավանականությամբ, խուճապը պայմանավորված է մի շարք աշխարհաքաղաքական գործոններով։ Դրանցից մեկը կարող է լինել հոկտեմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպմանն նախաշեմին առկա անորոշությունը։ Եթե երկրները չստորագրեն շրջանակային խաղաղության պայմանագիր կամ չհայտարարեն որևէ համաձայնության մասին, դա կարող է լարվածության աճ առաջացնել տարածաշրջանում։ Միաժամանակ, եթե որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեն, դա կարող է դրական ազդեցություն ունենալ տեղական արժույթների փոխարժեքի վրա»,- ասաց Freedom Broker Armenia-ի ղեկավարը։

Մյուս կողմից, ըստ Հովակիմյանի, փոխարժեքի վրա ազդող գործոն են նաև հայ-ռուսական հարաբերությունները։ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է, և հարաբերությունների փոփոխությունները կարող են զգայուն ազդեցություն ունենալ մեր երկրի տնտեսության վրա։

«Ներկայիս անորոշ իրողությունների պայմաններում դրամի փոխարժեքի վերաբերյալ կանխատեսումներ անելը մինչև տարեվերջ բավականին դժվար է։ Առաջիկայում անկումը կարող է շարունակվել, բայց եթե իրագործվի խաղաղության պայմանագրի և Ռուսաստանի հետ չափավոր հարաբերությունների սցենարը, ապա դրամը կարող է կրկին ամրապնդվել։ Սակայն, մեր կարծիքով, այլևս չպետք է ակնկալել 1 դոլարի դիմաց 400 դրամից ցածր փոխարժեք»,- ասաց Freedom Broker Armenia-ի ղեկավարը։-0-