Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ սակագնով` ԵՏՄ–ի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կարող է գազ և էլեկտրաէներգիա ստանալ ավելի շահավետ` ԵՏՄ–ի ներքին սակագներով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը։
Նրա խոսքով, մինչև 2025 թ. նախատեսվում է ավարտել ԵՏՄ երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորման աշխատանքները։
«Դրա շնորհիվ հայ ձեռներեցները կկարողանան գազ ստանալ ԵՏՄ ներքին շուկայի գնով, ինչը թույլ կտա կրճատել էներգառեսուրսների արտադրության ծախսերը և նվազեցնել արտադրության ինքնարժեքը` հայկական ապրանքները դարձնելով ավելի մրցունակ ԵՏՄ–ի շուկայում», – ասաց Ազիզյանը։
Նա նշեց, որ միասնական շուկայի առկայությունը նախատեսում է շուկայական գների ձևավորում բորսայում իրականացվող առուվաճառքի հիման վրա, որտեղ հայ ձեռներեցները կկարողանան մասնակցել առուվաճառքներին և ստանալ գազի` իրենց համար շահավետ գին։
Փոխնախարարի խոսքով, դա թույլ կտա ձևավորել գնագոյացման ավելի տրամաբանական գործընթաց։
«Ռուսական շուկայում գազի գները շատ են տարբերում հայկական գներից, ինչը հանգեցնում է շեղումների արտադրության մրցունակության տեսակետից։ Հիմնական նպատակն է ստեղծել հավասար մրցունակ պայմաններ», – ասաց Ազիզյանը։
Նրա խոսքով, դեռևս հայտնի չէ, թե դա որքանով կազդի վերջնական սպառողի վրա, սակայն ենթադրել է, որ ազդեցություն, այնուամենայնիվ, կլինի։
«Գնագոյացումն արդեն տեղի կունենա ներքին շուկայական մեխանիզմների հիման վրա` ԵՏՄ–ի շրջանակում։ Մենք ակնկալում ենք, որ դա կհանգեցնի սակագների որոշակի նվազման, սակայն դեռ բոլոր մեխանիզմները մշակման փուլում են։ Նախատեսվում է, որ համակարգը կսկսի գործել 2025 թ.–ից», – ասաց Ազիզյանը։
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային, ապա, փոխնախարարի խոսքով, միասնական շուկայի ստեղծումը Հայաստանի համար կստեղծի լրացուցիչ հնարավորություններ երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի արտահանման համար։
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2016 թ.–ի նոյեմբերի վերջին ընդունել է որոշում 2017 թ.–ի հունվարի 1–ից բնական գազի սակագների նվազման մասին։ Այդ որոշման համաձայն, ամսական 10 հազար խմ–ից պակաս գազ օգտագործող բաժանորդների համար սակագինը կազմում է 139 հազար դրամ յուրաքանչյուր 1000 խմ–ի դիմաց (ներառյալ ԱԱՀ–ն)` նախկին 146,7 հազար դրամի դիմաց, իսկ 10 հազար խմ–ից ավել գազ օգտագործող բաժանորդների համար սահմանվել է սակագին 242,1 պայմանական միավոր (վերջնական սակագինը հաշվարկվում է պայմանական միավորը դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին ամսական փոխարժեքով բազմապատկելու միջոցով)` նախկին 257,56 պմ–ի դիմաց։
Միաժամանակ Հայաստանում առաջին անգամ կիրառվել է դիվերսիֆիկացված սակագին, մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքների համար, ովքեր տարեկան օգտագործում են 600 խորանարդ մետրից պակաս, գազի գինը կազմում է 100 հազար դրամ` հազար խմ–ի դիմաց (ներառյալ ԱԱՀ–ն), իսկ տարեկան 600 խմ–ի ավել օգտագործման դեպքում սակագինը կազմում է 139 հազար դրամ` հազար խմ–ի դիմաց (ներառյալ ԱԱՀ–ն) ($1 - 478,68 դրամ)։ -0-