Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
413.89
RUB
3.71
GEL
141.38
2024 թ. դեկտեմբերի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Աշխարհի ավիաընկերությունները փոխում են անձնակազմերի ցանկերը Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով

30.01.2017, 14:18
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
Աշխարհի ավիաընկերությունները փոխում են անձնակազմերի ցանկերը Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով The Wall Street Journal–ին։

Այսպես, Emirates Airline–ը (ԱՄԷ, Դուբայ), որն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում միջազգային ուղևորափոխադրումների ծավալով, հայտարարել է, որ հանել է այդ պետությունների քաղաքացիներին դեպի ԱՄՆ թռչող օդանավերի անձնակազմերի ցանկից։

Etihad Airways–ից (ԱՄԷ, Աբու Դաբի) նշել են, որ այս պահին արգելքը չի անդրադառնում ընկերության աշխատակիցների վրա, սակայն ընկերությունում միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի չառաջանան խնդիրներ։ ԱՄՆ–ի վարչակազմը չի բացառում, որ արգելքը կարող է տարածվել նաև այլ երկրների վրա։

Բացի այդ, Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում գործող ավիաընկերությունները ստիպված են մերժել և թույլ չտալ, որպեսզի արգելքի տակ հայտնված պետությունների քաղաքացիները թռչեն ԱՄՆ ուղևորվող ինքնաթիռներով։

Air France-KLM–ի տվյալներով, շաբաթ և կիրակի օրերին նման ուղևորների թիվը գերազանցել է 20–ը։ EgyptAir–ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ԱՄՆ–ի ներդրած սահմանափակումները բավարար հստակ չեն և անհնար է հասկանալ, թե ում է հնարավոր թույլ տալ թռչել և ում` ոչ, այդ պատճառով ընկերությունը ուղևորների ցուցակները նախօրոք ուղարկում է ամերիկյան իշխանություններին` հաստատում ստանալու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 27–ին հրամանագիր է ստորագրել փախստականների ընդունման ծրագիրը 120 օրով դադարեցնելու մասին, իսկ սիրիացի փախստականների ընդունման ծրագիրը դադարեցվել է անորոշ ժամանակով։ ԱՄՆ նախագահի ստորագրած հրամանով յոթ երկրների (Իրաք, Իրան, Եմեն, Լիբիա, Սիրիա, Սոմալի, Սուդան) քաղաքացիներին արգելվում է 90 օրով (հնարավոր է, որ ժամկետը երկարացվի) մուտք գործել ԱՄՆ։ Հնարավոր է, որ երկրների ցանկն ընդլայնվի, տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

ԱՄՆ ամենաքիչը հինգ նահանգների դաշնային դատարանները նախորդ հանգստյան օրերին դադարեցրել են հրամանի գործողությունն այն մարդկանց անհապաղ վտարման մասով, ովքեր արդեն մուտք են գործել ԱՄՆ։

Որոշակի մեղմացումներ են հնարավոր երկքաղաքացիություն կամ green card ունեցողների համար, սակայն ամերիկյան իշխանությունների հայտարարություններն այս հարցի կապակցությամբ դեռ հակասական են։ Այսպես, ԱՄՆ նախագահի վարչակազմի ղեկավար Ռեյնս Պրիբուսը NBC–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իսլամական յոթ երկրների քաղաքացիների մուտքի արգելքը չի անդրադառնում green card ունեցողների վրա։ Այս հայտարարությամբ նա հերքել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության մամուլի քարտուղար Ջիլլիան Քրիսթենսենի հայտարարությունը, ով նշել էր, որ արգելքը կանդրադառնա նաև green card ունեցողների վրա։

ԱՄՆ Պետդեպարտամենտը պարզաբանել է, որ Թրամփի հրամանագիրը վերաբերում է նաև երկքաղաքացիություն ունեցող օտարերկրացիներին, բացառությամբ այն դեպքերի, երբ անձնագրերից  մեկը ամերիկյան է։ –0–