Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՀԴՄ թանկ մոդելի պարտադիր կիրառման կառավարական որոշումը կոչնչացնի գրքի բիզնեսը Հայաստանում. կարծիք

31.10.2013, 16:24
Հայաստանի կառավարության`МС 23 51 Mitac մոդելի հսկիչ–դրամարկղային մեքենայի պարտադիր օգտագործման մասին  որոշումը կարող է կործանարար ազդեցություն ունենալ գրքի բիզնեսի վրա, կարծում է «Անտարես» հրատարակչական տան տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։
ՀԴՄ թանկ մոդելի պարտադիր կիրառման կառավարական որոշումը կոչնչացնի գրքի բիզնեսը Հայաստանում. կարծիք
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարության`МС 23 51 Mitac մոդելի հսկիչ–դրամարկղային մեքենայի պարտադիր օգտագործման մասին  որոշումը կարող է կործանարար ազդեցություն ունենալ գրքի բիզնեսի վրա, կարծում է «Անտարես» հրատարակչական տան տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

Հայաստանի կառավարությունն այս տարվա հունիսի 27–ին որոշում է ընդունել նոյեմբերի 1–ից բոլոր վաճառակետերում 369 600 դրամ արժողության МС 23 51 Mitac մոդելի հսկիչ–դրամարկղային մեքենայի պարտադիր օգտագործման մասին։

Մարտիրոսյանը պարզաբանել է, որ գրքի բիզնեսի ցածր եկամտաբերության պատճառով նման նորամուծությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ։

Հրատարակչի խոսքով` այսօր շուկայում հնարավոր է առավել մատչելի գներով ձեռք բերել այլ մոդելների և ֆիրմաների դրամարկղային մեքենաներ, որոնք համապատասխանում են կառավարության որոշմամբ ամրագրված հիմնական բնութագրերին։

Մարտիրոսյանը նշեց, որ այն հարցը, թե ինչու է կառավարությունն ընտրել միայն մեկ ընդունելի մոդել, բաց է մնում։

«Թե ինչու է պետք այդ սարքերը մատակարարելու իրավունքը տալ միայն մեկ ընկերության մենաշնորհային իրավունքներով, ինչու չեն կարող լինել տասնյակ ընկերություններ, ինչը կհանգեցներ գների նվազմանը։ Ես միայն մեկ բացատրություն եմ տեսնում` ինչ–որ մեկը Հայաստանում ցանկանում էր արագ խոշոր գումար վաստակել, և կառավարությունն այդ հնարավորությունն ընձեռեց»,– ասաց Մարտիրոսյանը։

«Հայ գիրք» գրախանութների ցանցի տնօրեն Աշոտ Գաբրիելյանն իր հերթին նշեց, որ վերջին մեկուկես տարիների ընթացքում Երևանում բազմաթիվ գրախանութներ են բացվել։

«Մենք ոգևորվեցինք դրանից և որոշեցինք ընդլայնել մեր խանութների ցանցը։ Բայց եթե մենք մեր երեք գործող խանութների համար ձեռք բերենք այդ սարքերը, ապա նոր խանութների բացման մասին խոսք լինել չի կարող»,– ասաց Գաբրիելյանը։

Ըստ նրա` իրավիճակից ելքը կարող է լինել միայն գրքերի գների բարձրացումը կամ գրախանութների փակումը։

Հոկտեմբերի 30–ին ՓՄՁ զարգացման խորհրդի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկել ՀԴՄ այս մոդելի պարտադիր ներդրումը մեկ ամսով հետաձգելու և դրա ձեռք բերման առավելագույն ցածր գին սահմանելու մասին։--0--