Աճի ներուժ և առավելությունների ստեղծում. Հայաստանի ջերմոցներում արված ներդրումներն արդյունք են տալիս
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Թվում է, թե ելակ և ազնվամորի աճեցնելը բացարձակապես որևէ առնչություն չունի քաղաքականության հետ, սակայն Հայաստանում, որն առաջիններից մեկը սեփականաշնորհեց հողը Խորհրդային Միության փլուզումից հետո, զարգացող շուկայական տնտեսությունը ջերմոցներին մրցակցելու նոր հնարավորություններ ընձեռեց: Հայաստանի ջերմոցային արտադրանքի (ոչ միայն հատապտուղների, այլ նաև բանջարեղենի և ծաղիկների) նկատմամբ աստիճանաբար աճող պահանջարկի շնորհիվ ֆերմերների առջև արտահանման նոր հնարավորություններ բացվեցին: Ինչպես հայտնում են Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, այդ մասին ասվում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Ամերիաբանկի համատեղ պատրաստած նյութում։
Արտահանման պայմանները բավարարելու համար, հատկապես Մերձավոր Արևելքի և Եվրոպայի բոլորովին նոր շուկաներում, ի լրումն Ռուսաստանի, անհրաժեշտ էր արդիականացնել Հայաստանի ջերմոցային ոլորտը: Օրինակ` սննդի անվտանգության ապահովումը չէր համապատասխանում այլ երկրներում գործող պահանջներին. չկար ստանդարտ փաթեթավորում, հնարավոր չէր ապահովել ապրանքների դասակարգում և տեսակավորում ըստ չափի, գույնի, հասունության, պնդության կամ փափկության: Աշխատուժի սահմանափակ հմտությունները, թերզարգացած ենթակառուցվածքը, ինչպես նաև իրավական և կարգավորող ոլորտի խոչընդոտները նույնպես արգելք էին հանդիսանում մատակարարման համաշխարհային շղթաներում հայկական ագրոբիզնեսի ինտեգրման համար:
2016թ. Համաշխարհային բանկի խումբը (ՀԲԽ) սկսեց համագործակցել Հայաստանի կառավարության հետ իր «Ներդրումային քաղաքականության և ագրոտնտեսությունների զարգացման ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում էր մասնավոր հատվածում ՀԲ-ի ներկայացուցիչ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) կողմից` ջերմոցային տնտեսությունների ոլորտն ընդլայնելու համար նախադրյալներ ստեղծելու նպատակով: Ծրագրին աջակցել է նաև Ավստրիայի ֆինանսների նախարարության կողմից ֆինանսավորվող` Ներդրումային խորհրդատվության ծառայությունը:
Հայաստանում ծավալվող գործունեության շրջանակներում ՄՖԿ-ն աջակցում է այն ընկերություններին, որոնք ձգտում են ընդլայնել իրենց արտահանման ծավալները կամ ավելացնել իրենց մասնաբաժինը միջազգային շուկաներում, և մեր խորհրդատվությունը, որը ներառում է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դիվերսիֆիկացնելու վերաբերյալ ուղեցույցներ, նպաստել է արտահանման դիվերսիֆիկացմանը:
Ներկայում ավելի մեծ թվով հայկական ընկերություններ հատապտուղ են արտահանում Եվրոպական միություն, իսկ անցյալ տարի երկու ընկերություն մուտք գործեցինաև այլ շուկաներ` Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության երկրներից բացի: Եվս երեք միջին ձեռնարկություն այժմ ծաղիկ է արտահանում, և ծաղիկների արտահանման ընդհանուր ծավալն աճել է ավելի քան 1.5 անգամ. 2016թ. այն կազմում էր շուրջ 755 տոննա, իսկ 2018թ., ըստ պաշտոնական վիճակագրության (առ 26.07.2019թ.), հասել էր մոտ 1300 տոննայի:
«Բացի այդ, ՄՖԿ-ն փորձեց նպաստել տվյալ ոլորտում կարողությունների զարգացմանը` տեղական աշխատուժի համար վերապատրաստման դասընթաց մշակելու միջոցով, որի արդյունքում գյուղատնտեսության ոլորտի մասնագետների հաջորդ սերունդը, թերևս, պատրաստ կլինի իր արտադրանքն ավելի մեծ թվով սպառողների առաջարկել»,– ասվում է հաղորդման մեջ։
Զարգացման ներուժ
Արդեն բավականին երկար ժամանակ ջերմոցային տնտեսությունը, հատկապես` բանջարեղենի և ծաղիկների աճեցման ջերմոցները, էապես նպաստում են Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Գյուղատնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերը խթանում են երկրում սննդամթերքի և խմիչքի արտադրության զարգացումը` ինտեգրելով այն մատակարարման ավելի խոշոր ցանցերում: Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, վերջին 7 տարիների ընթացքում ագրոբիզնեսի ոլորտի միջինացված բաժինը ՀՆԱ-ում կազմել է 16.6 տոկոս, իսկ ոլորտում առկա աշխատատեղերի թիվը կազմել է Հայաստանի աշխատատեղերի ընդհանուր թվի 34.8 տոկոսը:
Քանի որ արտահանումն, այնուամենայնիվ, բավականին զարգացած չէր, ՄՖԿ-ի խորհրդատվական աջակցությունը սկսվեց Հայաստանի ջերմոցային ոլորտի արտահանման ներուժի ուսումնասիրությունից: Հաջորդ հույժ կարևոր քայլը ջերմոցային արտադրանքի արտահանման շղթայի բոլոր օղակների հստակ սահմանումն էր` համապատասխան փոփոխություններ մշակելու նպատակով: Այդ համատեքստում իրականացվեցին նաև տվյալ բիզնեսի համար կարևոր մատակարարման ցանցի մասնակիցների, այդ թվում` պետական և մասնավոր ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ:
«ՄՖԿ-ի հստակ առաջարկությունները ստանալուց հետո իրականացվեց գյուղատնտեսության և ագրոբիզնեսի ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներուժի գնահատում, և մշակվեց ՕՈՒՆ-ի հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործմանն ուղղված ռազմավարություն: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ օտարերկրյա ներդրումների համար գրավիչ են միայն ջերմոցային արտադրանքն ու ծաղիկները. հենց սրանց արտահանումն է հավանական իրականացնել դեպի Եվրոպական միության երկրներ: Դրանից հետո սկսեցին մշակվել արտահանման շուկայի ընդլայնման ծրագրերը»,– ընդգծվում է բանկի տարածած հաղորդագրությունում։
Հայաստանում որակավորված աշխատուժի խիստ պահանջից ելնելով` 2017թ. ՄՖԿ-ի աջակցությամբ մշակվեց «Ջերմոցային մշակաբույսերի արտադրության և կառավարման» դասընթացը, մասնավորապես, Հայաստանի ջերմոցային ոլորտում հմտությունների կարիքների և աշխարհի առաջատար համալսարանների ծրագրերի ուսումնասիրության արդյունքում մշակվեց ութ ամիս տևողությամբ դասընթաց Ագրոբիզնեսի Հետազոտությունների և Կրթության Միջազգային Կենտրոնի հետ համատեղ:
Ներկայումս տարեկան 50 ուսանող մասնակցում է վերոնշյալ դասընթացին, որի շրջանակներում նրանք ծանոթանում են ժամանակակից ջերմոցային կառույցներին, ջերմոցներում կիրառվող առաջադեմ տեխնոլոգիաներին, արտադրության մեջ օգտագործվող ռեսուրսներին և նյութերին, ջերմոցային միկրոկլիմայի կառավարման համակարգերին, բույսերի ֆիզիոլոգիային և պաշտպանությանը: Սա առաջիկայում անպայման կունենա դրական արդյունք:
Դրական արդյունքներ տեղական շուկայում
«ՄՖԿ-ի աջակցությունը ջերմոցային ոլորտին նաև այլ դրական արդյունքներ արձանագրեց. «Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի» աշխատանքներում ընդգրկվեց Հայաստանում ՄՖԿ-ի երկարամյա գործընկեր Ամերիաբանկը, որն առևտրի ֆինանսավորման եզակի միջնաժամկետ լուծում առաջարկեց «Գրինֆուդ» տեղական ջերմոցային ընկերությանը: Այդ ֆինանսավորման շնորհիվ ընկերությունը երկարաձգեց ջերմոցային էներգաարդյունավետ սարքավորումների ձեռքբերման ժամկետները և կարողացավ ներմուծել տվյալ սարքավորումները: Արդյունքում «Գրինֆուդ»-ի ջերմոցների ներկայիս արտադրական հզորությունը եռապատկվելու է, ինչը հնարավորություն կտա ընկերությանն ընդլայնել իր արտադրանքի տեսականին»,– ասվում է հաղորդման մեջ։
Ընկերությունը փնտրում է իր արտադրանքը Եվրոպական միության շուկաներ արտահանելու հնարավորություններ: Միևնույն ժամանակ, ընկերությունը մասնակցել է գյուղատնտեսական արտադրանքի արտահանման վերաբերյալ ՄՖԿ-ի կազմակերպած քննարկումներին:
«Գրինֆուդ» ընկերության զարգացումը նպաստում է նաև Շիրակի մարզի տնտեսության ամրապնդմանը: Այդ մարզի գյուղական վայրերում ընկերության աշխատակիցների ընդհանուր թվի մոտ 85 տոկոսը կանայք են: Ակնկալվում է աշխատատեղերի քանակի 20 տոկոս աճ:
«Գրինֆուդ»-ի տնօրենի կարծիքով, ձեռք բերած նոր սարքավորումները կնպաստեն շրջակա միջավայրի պահպանությանը, քանի որ ժամանակակից գյուղատնտեսական սարքավորումները նվազեցնում են ածխածնի մոնօքսիդի արտանետումը և հնարավորություններ են ստեղծում ջերմոցային նոր մթերքի արտադրության համար:
Բոլոր նշված բարելավումները «էապես կբարձրացնեն մեր արտադրանքի որակը», - նշել է «Գրինֆուդ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը: - «Արդյունքում, մեր արտադրանքն ավելի մրցունակ կլինի և ավելի բարձր եկամտաբերություն կապահովի»:
Մանրամասների համար կարելի է անցնել հետևյալ հղումով։
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:–0–