«Armenia» ավիաընկերությունը ներկայացրել է Թել Ավիվ և Թբիլիսի չվերթերի տոմսերի արժեքը
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. «Armenia» ավիաընկերությունը «Վրացական ավիաուղիների» հետ համատեղ սկսում է չվերթերը Երևան-Թել Ավիվ-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան ուղղություններով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հայկական ավիաընկերության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն, Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթի տոմսերի արժեքը սկսվում է 49 եվրոյին համարժեք դրամից (առանց ԱԱՀ-ի), իսկ չվերթերը մեկնարկելու են հունիսի 2-ից: Նախատեսվում է, որ ընկերությունն այդ ուղղությամբ շաբաթական իրականացնելու է երկու չվերթ:
Արդեն այսօրվանից «Armenia» ավիաընկերությունը շաբաթական երեք չվերթ է իրականացնելու Երևան-Թբիլիսի-Երևան ուղղությամբ: Չվերթի տոմսերի արժեքը սկսվում է 68 եվրոյին համարժեք դրամից (առանց ԱԱՀ-ի):
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Armenia» ավիաընկերության նախագահ Թամազ Գաիաշվիլին, հետագայում նախատեսվում է կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Թեհրան, Դուբայ, Պրահա, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն և Լառնակա:
Նրա խոսքով, ընկերությունը նախատեսում է ճկուն սակագնային համակարգ ներդնել, որի շրջանակում թռիչքից երկու ամիս առաջ ցանկացած ուղղությամբ ավիատոմս գնելու դեպքում այն կարժենա 49 եվրո (ներառյալ տուրքերը և հարկային վճարները` մոտ 96 եվրո):
«Armenia» ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51%), Թամազ Գաիաշվիլին (25%) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24%)։ Գաիաշվիլին վրացական «Airzena» ավիաընկերության հիմնադիրն է և ընկերության Տնօրենների խորհրդի նախկին նախագահը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը նրա նախկին տեղակալն է։ -0-