Հաշվի չառնելով թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը՝ հոկտեմբերին Հայաստանից իրականացվող ընդհանուր արտահանումն աճել է 9.1 տոկոսով․ ՀԲ
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հաշվի չառնելով թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը՝ հոկտեմբերին Հայաստանից իրականացվող ընդհանուր արտահանումն աճել է 9.1 տոկոսով։ Այս մասին ասված է Համաշխարհային բանկի «menia Monthly Economic Update – December 2024» զեկույցում։
«Հոկտեմբերին արտահանումն աճեց 23․1 տոկոսով (տ/տ), ներմուծումը՝ 6․6 տոկոսով։ Արտահանման աճի տեմպը (տ/տ) դանդաղեց՝ սեպտեմբերի 39 տոկոսի համեմատ և շարունակեց պայմանավորված լինել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանմամբ»,- ասվում է հետազոտության մեջ:
ՀԲ վերլուծաբանները նշում են, որ արտահանման բոլոր գլխավոր ապրանքախմբերում հոկտեմբերին տ/տ աճ գրանցվեց, բացառությամբ մեքենասարքավորումների (նվազումը 19.8 տոկոս, տ/տ)։
«Նշանակալի աճ արձանագրվեց թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների (55.5 տոկոս, տ/տ, չնայած 2024 թ․ մայիսից նկատված՝ աճի տեմպերի շարունակվող դանդաղմանը), տեքստիլի (59.6 տոկոս, տ/տ), հանքանյութերի (32.5 տոկոս, տ/տ) և սննդամթերքի (27.7 տոկոս, տ/տ) ուղղությամբ»,- ասվում է զեկույցում։
Նշվում է նաև, որ արտահանման աճողական ցուցանիշը հունվարից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում կրկնապատկվել է, իսկ ներմուծումն աճել է 50 տոկոսով, հանգեցնելով 17.9 տոկոսով (տ/տ) առևտրի պակասուրդի նվազման։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2024 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ Հայաստանից արտահանումն աճել է 95,1%-ով՝ կազմելով 11,55 մլրդ դոլար 2024 թվականի հոկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 931,6 մլն դոլար՝ 2023 թվականի հոկտեմբերի համեմատ ավելանալով 23,1%-ով, 2024թ․–ի սեպտեմբերի համեմատ՝ 7,5%–ով:
Հայաստան իրականացվող ներմուծման ծավալը 2024 թվականի 10 ամիսներին կազմել է 14,68 մլրդ դոլար՝ 2023 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ աճելով 50,8 տոկոսով։ 2024 թվականի հոկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 1,3 միլիարդ դոլար՝ 2023 թվականի հոկտեմբերի համեմատ աճելով 6,6 տոկոսով, իսկ 2024 թվականի սեպտեմբերի համեմատ՝ 11,3 տոկոսով։