Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանը ԵՏՄ–ի շուկայում զգալի մասնաբաժին ունենալու բոլոր հնարավորություններն ունի. Վոլինկին

06.02.2015, 20:24
Հայաստանը ԵՏՄ–ի շուկայում զգալի մասնաբաժին ունենալու բոլոր հնարավորություններն ունի, ասել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը Հայաստանի հանրային հեռուստաալիքի «Գյուղական ժամ» ծրագրի եթերում։
Հայաստանը ԵՏՄ–ի շուկայում զգալի մասնաբաժին ունենալու բոլոր հնարավորություններն ունի. Վոլինկին
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ԵՏՄ–ի շուկայում զգալի մասնաբաժին ունենալու բոլոր հնարավորություններն ունի, ասել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը Հայաստանի հանրային հեռուստաալիքի «Գյուղական ժամ» ծրագրի եթերում։

«ԵՏՄ–ին անդամակցելը Հայաստանի առջև նոր հեռանկարներ է բացում գյուղատնտեսության ոլորտում։ Հիմա կազմակերպության անդամ երկրների կողմից ներկրվող պարենային արտադրանքի ծավալը գնահատվում է 43 մլրդ դոլար, և Հայաստանը ԵՏՄ–ի շուկայում զգալի մասնաբաժին ունենալու բոլոր հնարավորություններն ունի։ Մենք իսկապես ակնկալում ենք, որ հայկական միրգ–բանջարեղենի, ձկան, կաթնամթերքի, մսամթերքի, գինիների և կոնյակի արտահանման ծավալներն էականորեն կավելանան», – նշել է Վոլինկինը։

Նրա խոսքով` գյուղատնտեսությունը Հայաստանի ժողովրդական տնտեսության հիմնական ոլորտներից մեկն է, որին բաժին է հասնում ՀՆԱ–ի 18 տոկոսը և զբաղվածների ընդհանուր թվի գրեթե կեսը (44%)։ Դեսպանն ավելացրել է, որ Ռուսաստանն ու ԵՏՄ երկրները հայկական գյուղմթերքի սպառման հիմնական շուկաներն են։ ՀՀ գյուղնախարարության տվյալներով` արդեն այսօր հայկական արտադրանքի արտահանման մոտ 70 տոկոսը բաժին է հասնում ԵՏՄ երկրներին, իսկ որոշ կետերում այդ ցուցանիշը հասնում է 90 տոկոսի։

«Ռուսաստանում բարձր են գնահատում հայկական ապրանքի որակը, այն գովազդի կարիք չունի։ «Հայաստանից բերված» միրգն ու բանջարեղենն արդեն որակի ինքնատիպ նշան է ռուս սպառողների համար», – ասել է Վոլինկինը։

Դեսպանը հիշեցրել է, որ տարբեր հաշվարկներով` ԵՏՄ անդամ երկրների համար մաքսային խոչընդոտները վերացնելու շնորհիվ գյուղմթերքի ներկրումը Հայաստանից առաջիկա 2–3 տարում կարող է ամենաքիչը կրկնապատկվել, իսկ բարենպաստ հանգամանքների դեպքում` անգամ եռապատկվել։

«Հայ արտադրողները լավ հնարավորություն ունեն հաստատվել ռուսական շուկայում և ոչ միայն արտահանման ծավալների ավելացման հաշվին, այլ նաև տեսականու ընդլայնման հաշվին։ Օրինակ, նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանի ԵՏՄ լիիրավ անդամ դառնալուց առաջ 11 հայկական ընկերություններ Ռուսաստանի մսամթերք արտահանելու թույլտվություն էին ստացել։ Պանիր արտադրողների միությունը հայտարարեց, որ կարող էր 11,5 հազար տոննայից 5 հազար տոննայի հասցնել ռուսական շուկա այդ ապրանքի մատակարարումները», – ընդգծեց ռուս դեսպանը։

Նրա խոսքով` որոշ տնտեսագետները մտավախություն են արտահայտում այն հարցում, որ արտահանման կտրուկ աճը կարող է ներքին շուկայում հանգեցնել պակասուրդի և գների աճի, սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ խնդիրը լուծվում է կարճ ժամանակահատվածում արտադրության ընդլայնման հաշվին, իսկ դա իր հերթին դրական ազդեցություն կունենա ոչ միայն գյուղատնտեսության, այլ նաև հայկական տնտեսության վրա, էականորեն կավելացնի աշխատատեղերի թիվը։

«Իհարկե, գոյություն ունեն նաև մի շարք դժվարություններ, որոնք կարող են խոչընդոտել նման հեռանկարների իրականացմանը։ Այս պահին դա ռուբլու փոխարժեքի անկումն է, լոգիստիկայի խնդիրները, մասնավորապես` Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարս հսկիչ անցակետի ցածր թողունակությունը, Հայաստանում զարգացած պահեստային տնտեսության բացակայությունը։ Որոշ արտադրողներ ստիպված կլինեն աշխատել իրենց արտադրանքի որակի վրա և նվազեցնել արտադրության բացառությունները` մրցունակությունը բարձրացնելու նպատակով», – ասել  Վոլինկինը։

Դեսպանը նշում է, որ այս բոլոր խնդիրները լուծելի են։ Օրինակ` գրեթե մշակվել է ապրանքների մաքսային ձևակերպման ընթացակարգի դյուրացման հարցը։ Հայաստանը ԵՏՄ երկրներ արտադրանք կմատուցի` լրացնելով միայն մեկ փաստաթուղթ` մաքսային հայտարարագիր` առանց մաքսային ձևակերպման։

«Հայկական ապրանքների գների էական նվազմանը, լոգիստիկայի ընթացակարգերի դյուրացմանն ու էժանացմանը կարող էր զգալիորեն նպաստել երկաթուղու աբխազական հատվածի բացումը և մեր երկրների միջև ուղղի երկաթուղային հաղորդակցության վերսկսումը», – ավելացրել է Վոլինկինը։

Նա նշել է ՀՀ գյուղնախարարության մեծ ներդրումը ռուսական շուկա հայկական արտադրանքի դուրս գալու դյուրացման գործընթացում։ «Օրինակ` նախարարությունն  այս թեմայով մի շարք մասնագիտացված քննարկումներ է կազմակերպել, ավելի քան 150 վերամշակող և արտահանող ընկերությունների առաջարկվել է ներկայացուցիչներ գործուղել Ռուսաստան` տեղում պահանջարկի չափը պարզելու և համապատասխան պայմանագրեր կնքելու համար։ Նախարարության աջակցությամբ հայկական 30 ագրոարդյունաբերական ընկերություններ մասնակցել են Մոսկվայում 2014 թ.–ի սեպտեմբերին կայացած պարենային ապրանքների ցուցահանդեսին, 11 գյուղատնտեսական արտադրողներ ներկայացրել են իրենց արտադրանքը հոկտեմբերին կայացած «Ոսկե աշուն 2014» միջազգային ցուցահանդեսի ժամանակ»։ Ամենուր նրանց արտադրանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել», – ասել է դեսպանը։

Նա հիշեցրել է, որ հիմա Հայաստանում է գտնվում Ռոսսելխոզնադզորի հերթական պատվիրակությունը` կենդանական ծագում ունեցող տեղական արտադրանքին ծանոթանալու համար, որը նախատեսվում է մատակարարել ԵՏՄ անդամ պետություններ։ Այնպես չո համատեղ աշխատանքը հաջողությամբ շարունակվում է։
«Չնայած ժամանակավոր դժվարություններին, հայկական գյուղատնտեսությունը էականորեն շահում է միասնական եվրասիական շուկային միանալուց», – ընդգծել է Վոլինկինը։–0–