Մեդվեդևը Երևանում է. «այս հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունները»
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./ԱՌԿԱ/. Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն առաջարկեց քննարկել ՌԴ և Հայաստանի գործակցության հիմնական ասպեկտները։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այդ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունները։ Մենք ձեզ հետ բազմիցս հանդիպել ենք, քննարկել գործերի ընթացիկ վիճակը, տարեսկզբին հանդիպել ենք, երբ եկել էիք Մոսկվա, քննարկել ենք երկկողմ օրակարգը։ Եվ այժմ կանցնենք հիմնական դիրքորոշումներով, առավել ևս գործընկերները մեզ համար մի շարք հարցեր նախապատրաստել են»,– ասել է Մեդվեդևը։
Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որը կկայանա Երևանում ապրիլի 30–ին, լավ առիթ է` «կարևոր, այդ թվում` շատ բարդ հարցերը» քննարկելու համար։
«Այժմ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության նախագահող կողմն է, և, իհարկե, մեզ համար կարևոր է, որ մենք առաջ ընթանանք եվրասիական օրակարգրի մի շարք հարցերում»,– ավելացրել է Մեդվեդևը։
Նա շնորհակալություն հայտնեց Փաշինյանին իր նստավայր հրավիրելու և ոչ պաշտոնական մթնոլորտում շփվելու համար, ինչը «միշտ թանկ է գնահատվում, դա հնարավորություն է միմյանց ավելի լավ ճանաչելու, ոչ պաշտոնական միջավայրում խոսելու երկկողմ գործակցության տարբեր ասպեկտների մասին»։
«Լիահույս եմ, որ ձեր նախագահությունը ԵՏՄ–ում միանգամայն հաջող կլինի, իսկ մեր բանակցությունները, ինչպես և մեր գործընկերի բանակցությունները, օգուտ կբերեն երկրների միջև երկկողմ զարգացմանը։ Առավել ևս, որ մեր երկրները դաշնակից երկրներ են, ունեն հարավերությունների առանձնահատուկ պատմություն և, հուսամ` շատ լավ ապագա»,– ավելացրել է Մեդվեդևը։
Մեդվեդևը Երևան է ժամանել ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ -0-