Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանում ՓՄՁ սուբյեկտների շուրջ 50%-ը դժգոհ է տվյալ բնագավառում կառավարության քաղաքականությունից. հարցում

20.07.2015, 19:54
Հայաստանի գործատուների հանրապետական միության (РСРА) հետազոտության համաձայն` հարցված փոքր և միջին ձեռնարկությունների գրեթե կեսը դժգոհ է տվյալ բնագավառում կառավարության քաղաքականությունից, ասել է РСРА նախագահ Գագիկ Մակարյանը:
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գործատուների հանրապետական միության (РСРА) հետազոտության համաձայն` հարցված փոքր և միջին ձեռնարկությունների գրեթե կեսը դժգոհ է տվյալ բնագավառում կառավարության քաղաքականությունից, ասել է РСРА նախագահ Գագիկ Մակարյանը:

2015 թվականի մայիսից հունիս անցկացված հետազոտությանը մասնակցել են ՓՄՁ 107 սուբյեկտներ, այդ թվում` կազմակերպություններ, որոնք աշխատում են շուկայում ավելի քան 10 տարի (55%), ինչպես նաև 9-6 տարի աշխատանքային փորձ ունեցող կազմակերպություններ (13%):

«Հետազոտությունը բավականին տխուր պատկեր է արձանագրել, որի մասին մենք արդեն տեղյակ ենք պահել կառավարությանը: Հետազոտության արդյունքները վկայում են, որ պետության քաղաքականությունը ՓՄՁ-ների նկատմամբ պետք է ամբողջովին վերանայվի»,- ասել է փորձագետը:

Մակարյանը նշել է, որ ՓՄՁ կազմակերպությունների մոտ 33%-ն իրենց գործունեության խոչընդոտներից մեկը համարում է հարկային օրենսդրության անճշտությունները: Ընդ որում` 27%-ը տվյալ հարցին պատասխանելիս նշել են օրենսդրության հաճախակի փոփոխվելը, իսկ 18%-ը` օրենսդրության ոչ կատարյալ լինելը:

Այդ թվում հարցվածների 21%-ը որպես խոչընդոտ բիզնեսը վարելու համար նշել է բնակչության ցածր գնողունակությունը, իսկ 23%-ը` անկայուն տնտեսական վիճակը:

Միևնույն ժամանակ ՓՄՁ սուբյեկտների մեծամասնությունը (մոտ 52%), լուրջ խոչընդոտ է համարում ֆինանսական միջոցների հասանելի չլինելը և վարկերի բարձր տոկոսադրույքները:  

«Մի կողմից պետությունը ջանում է լավացնել ՓՄՁ հատվածի վիճակը, մյուս կողմից ՓՄՁ-ին զրկում է կենսական ռեսուրսից` չկարգավորելով ֆինանսական միջոցների հասանելիության հարցը Կենտրոնական բանկի հետ»,- նշել է Մակարյանը:
 
Փորձագետը կարծում է նաև, որ Կենտրոնական բանկը պետք է վերանայի իր քաղաքականությունը վերաֆինանսավորման դրույքաչափի վերաբերյալ:

«Անհրաժեշտ է ռիսկերի կառավարման մեխանիզմ մշակել, որպեսզի բանկերն անընդհատ չբողոքեն ռիսկերի բարձր մակարդակից` այն պատճառաբանելով բարձր տոկոսադրույքներով վարկերի տրամադրումը», - պարզաբանել է նա:

Հայաստանում գործում  են շուրջ 70 հազար ՓՄՁ կազմակերպություններ, այդ թվում` միկրո և փոքր բիզնեսի 58 հազար սուբյեկտներ, իսկ 10 հազարը ներկայացնում են միջին բիզնեսը: Հայաստանի ՀՆԱ-ում ՓՄՁ մասը կազմում է 43%, ընդ որում` հատվածը ապահովում է հարկային եկամուտների միայն շուրջ 5-6%: -0-