Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ռուսաստանը շուրջ 42 մլն դոլար կհատկացնի, որպեսզի Հայաստանն իրականացնի ԵՏՄ–ի անդամակցության «Ճանապարհային քարտեզը». Սոկոլով

26.06.2015, 17:51
Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու «Ճանապարհային քարտեզի» իրականացման համար ռուսական կողմը պատրաստվում է Հայաստանին անհատույց կարգով 42 մլն դոլար հատկացնել, հայտարարեց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։  
Ռուսաստանը շուրջ 42 մլն դոլար կհատկացնի, որպեսզի Հայաստանն իրականացնի ԵՏՄ–ի անդամակցության «Ճանապարհային քարտեզը». Սոկոլով
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու «Ճանապարհային քարտեզի» իրականացման համար ռուսական կողմը պատրաստվում է Հայաստանին անհատույց կարգով 42 մլն դոլար հատկացնել, հայտարարեց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։  

«Ռուսական կողմը պատրաստվում է անհատույց կարգով ֆինանսավորել համապատասխան աշխատանքների կատարումը` սարքավորումների մատակարարում, ծառայությունների տրամադրում», –ուրբաթ Աբովյան քաղաքում անցկացվող Հայ–ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16–րդ նիստի ժամանակ ասաց Սոկոլովը։

Նրա խոսքով` կարելի է վստահությամբ նշել, որ ԵՏՄ–ին անդամակցելուց հետո Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության որակը բոլորովին նոր մակարդակ է տեղափոխվել։

«Հայաստանի արտադրողների համար հասանելի դարձավ 170 միլիոնանոց պաշտպանված և տարողունակ շուկան, որի շրջանակում երաշխավորված է ապրանքների, ծառայությունների ազատ տեղաշարժը։ Ակտիվորեն զարգանում է նաև մեր ֆինանսական ոլորտի համագործակցությունը, ստեղծվել են բոլոր նախադրյալները, որպեսզի ավելանան Հայաստանի ուղիղ օտարերկրյա ներդրումների հոսքերը` ներդրումների ավելացման և առաջին հերթին էներգետիկայի ու երկաթուղային տրանսպորտի ոլորտում նախատեսված ենթակառուցվածքային նախագծերի հաշվին», – ավելացրեց նա։

Նա ընդգծեց, որ գրեթե բոլոր ոլորտներում հայ–ռուսական համագործակցությունը շատ բարձր մակարդակում է գտնվում։

«Վերջին շրջանում ստորագրվել է 11 միջկառավարական համաձայնագիր, որոնց թվում են միջուկային անվտանգության, գազի, նավթամթերքի, չմշակված ալմաստի մատակարարման ոլորտում համագործակցության մասին կարևոր համաձայնագրերը», – ընդգծեց նախարարը։

Սոկոլովը նաև նշեց, որ թեև արժեզրկման և համաշխարհային շուկաներում էներգակիրների գների նվազման հետևանքով երկու երկրներում փոխվել է  տնտեսական իրավիճակը, փոխադարձ առևտրաշրջանառության ծավալը, այնուհանդերձ այդ նվազումն ընդհանուր առմամբ այդքան էլ էական չէ։

Նա ընդգծեց, որ բավականին մեծ աշխատանք է կատարվել հանձնաժողովի նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում։

ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ Այն գործում է այս տարվա հունվարի 1–ից։ Այժմ ԵՏՄ–ի անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, շուտով նրանց կմիանա նաև Ղրղըզստանը։

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը 2014 թ.–ի մայիսին Աստանայում ստորագրել են ԵՏՄ-ի պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015 թ.–ի հունվարի 1–ին։ Հունվարի 2–ին ԵՏՄ–ին է միացել Հայաստանը, սպասվում է նաև Ղրղըզստանի անդամակցությունը։ ԵՏՄ–ի ստեղծումը մինչ այժմ գոյություն ունեցող Մաքսային միության մասնակից–երկրներին ինտեգրման ավելի բարձր մակարդակ է ապահովում։ Այսպիսով` ավարտվում է ԱՊՀ տարածքում խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումը (170 մլն մարդ), որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն։–0–