Սանոսյանը Թուրքիայում մասնակցել է Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսին
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հոկտեմբերի 15-16-ը գործուղվել է Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ), հայտնում են նախարարությունից։
Հոկտեմբերի 15-ին նախարարը մասնակցել է Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսին։
Նախարար Սանոսյանն իր ելույթում շեշտել է, որ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում նոր, հուսալի և կենսունակ հաղորդակցության ուղիների ստեղծումը, ինչպես նաև նախկինում գործած տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկումն ու ապահով գործարկումն առաջնային կարևորություն է ձեռք բերել աշխարհի բոլոր պետությունների համար, քանի որ զարգացած ենթակառուցվածքների առկայությունն և տարածքային համաչափ զարգացումը բոլոր երկրների կայուն զարգացման և դրանցում ապրող մարդկանց բարեկեցության ապահովման կարևորագույն գործոններից են:
«Տարածաշրջանի բոլոր պետությունների միջև տնտեսական ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակումը, կապուղիների զարգացումն ու փոխկապակցվածության մակարդակի բարձրացումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է: Առաջնորդվելով Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղություն հաստատելու մղումով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,-ընդգծել է Սանոսյանը։
Նախարարի խոսքով Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները, ստեղծել նորերը, առանց որևէ խտրականության ապահովել Հայաստանով անցնող բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը:
«Մեր առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է, որ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն և գործեն երկրի ինքնիշխանության, իրավազորության ներքո՝ հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա»,-շեշտել է ՏԿԵ նախարարը: