Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԱԺ նախկին նախագահը ներգրավվել է որպես կասկածյալ քրգործի շրջանակում

22.10.2019, 19:33
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ քրեական գործի շրջանակում։
ԱԺ նախկին նախագահը ներգրավվել է որպես կասկածյալ քրգործի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ քրեական գործի շրջանակում։ Այս մասին հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Հատուկ քննչական ծառայության աղբյուրին։

Միաժամանակ tert.am–ի հաղորդմամբ, Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելը) հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում։ 

Հիշեցնենք, որ նախօրեին`հոկտեմբերի 21-ին, պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Ըստ ՀՔԾ-ի՝ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին՝ իշխանությունը զավթելու մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ։

Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին՝ պաշտոնական կեղծիք կատարելու մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Այս գործը հարուցվել էր պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա:–0–