Рейтинг@Mail.ru
USD
396.9
EUR
408.17
RUB
3.5437
GEL
140.99
2025 թ. հունվարի 4, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Դա մեր համաչափ արձագանքն էր այն գործողություններին, որ իրականացնում են այսօր Թուրքիան և Ադրբեջանը. ԱԳ նախարար

01.08.2020, 13:07
Հայաստանը բոլոր հնարավոր մեթոդներով թույլ չի տա Թուրքիային ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը
Դա մեր համաչափ արձագանքն էր այն գործողություններին, որ իրականացնում են այսօր Թուրքիան և Ադրբեջանը. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանը բոլոր հնարավոր մեթոդներով թույլ չի տա Թուրքիային ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Թուրքիայի դիրքավորումն այս զարգացումների լույսի ներքո արտահայտում է Թուրքիայի՝ այս շրջանում ձևավորված ապակառուցողական և ապակայունացնող քաղաքականությունը, որին մենք ականատես ենք եղել և շարունակում ենք ականատես լինել Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում», – նշել է նախարարը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, այն, ինչ տեղի էր ունենում հուլիսի 12-ից հետո, նպատակ ունի արտահանելու այդ ապակայունացնող քաղաքականությունը Հարավային Կովկաս, որն անընդունելի է։

«Մենք դիմակայում ենք բոլոր հնարավոր միջոցներով և դիմակայելու ենք այն առումներով, որ Հարավային Կովկասի ապակայունացման որևէ փորձ տարածաշրջանի հարևանի կողմից մեզ համար անընդունելի է լինելու: Մենք այդ առումով օգտագործում ենք մեր ձեռքում եղած բոլոր հնարավոր գործիքները՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մեր բոլոր ձևաչափերի ակտիվացման միջոցով», – հայտարարել է Մնացականյանը։

Մնացականյանը նաև անդրադարձել է այն թեմային, որ օրերս Հայաստանը ԵԱՀԿ հայտագիր է շրջանառել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից Հայաստանի տարածք տեսչական այցերի կասեցման մասին։

«Դա մեր համաչափ արձագանքն էր այն գործողություններին, որ իրականացնում են այսօր Թուրքիան և Ադրբեջանը միասին՝ նախաձեռնելով և իրականացնելով այս ռազմական վարժությունները, որոնք տեղի են ունենում այն ժամանակ, երբ և՛ միջազգային հանրության, և՛ համանախագահների, մեր ամբողջ ռեսուրսը ներդրվում է դե-էսկալացիայի ամրապնդման վրա», – ընդգծել է Մնացականյանը

Հիշեցնենք, որ հուլիսի 29–ից օգոստոսի 10–ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Զորավարժությունները կկազմակերպվեն երկրի տարբեր հատվածներում` Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում։

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման մասին

Հուլիսի 12-ից Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրք գրավելու մի քանի փորձ է կատարել` տանկի, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծել է հայկական հենակետերը, նաև թիրախավորել բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ է հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տվել պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշել հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ: ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր: Հուլիսի 17-ից հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, 5 զինծառայող զոհվել է: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան։ Հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ:–0–