Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության տրամադրման հարցը․ Բորել

14.11.2023, 10:58
ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ ԵՄ-ն զգուշացնում է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ցանկացած խախտում անընդունելի է և կհանգեցնի «ծանր հետևանքների»
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության տրամադրման հարցը․ Բորել
ԵՐԵՎԱՆ,14 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Եվրամիությունը դիտարկում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը։ Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է «Առաջին լրատվականը»։

«Մենք կուսումնասիրենք Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավորությունը և Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման տարբերակը»,- ասել է Ժոզեպ Բորելը։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ ԵՄ-ն զգուշացնում է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ցանկացած խախտում անընդունելի է և կհանգեցնի «ծանր հետևանքների»։

«Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանն ապակայունացնելու ցանկացած փորձի նկատմամբ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Եվ մեր ահազանգն Ադրբեջանին հստակ է. Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և կհանգեցնի մեր հարաբերությունների համար ծանր հետևանքների»,- ասել է նա։ «Կոչ ենք անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, որոնք մեկնարկել էին ԵՄ խորհրդի նախագահի հովանու ներքո: Ցանկանում ենք տեսնել կնքված խաղաղության պայմանագիր և կշարունակենք մեր միջնորդական ջանքերը»,- ասել է Բորելը:

Նա նաև տեղեկացրել է, որ խորհուրդը որոշել է հաջորդ հանդիպմանը հրավիրել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:

Բարձր ներկայացուցիչը նաև նշել է, որ ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը որոշել է ուժեղացնել ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ տարածքում:

«Մենք նաև հաստատեցինք մեր հանձնառությունը՝ շարունակել աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին, դիմակայունությանը և ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը»,- հավելել է Բորելը:-0-