Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

ՀԱՊԿ–ը ստեղծվել է այլ իրավիճակում և կարիք ունի հարմարվելու ներկա իրողություններին․ ՀՀ ԱԳ նախկին նախարար

11.12.2024, 13:23
Ժամանակակից մարտահրավերների պայմաններում գոյություն ունեցող միավորումները և դաշինքները վերապրում են փոփոխություններ, որպեսզի համապատասխանեն ձևավորվող սպառնալիքներին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը
ՀԱՊԿ–ը ստեղծվել է այլ իրավիճակում և  կարիք ունի հարմարվելու ներկա իրողություններին․ ՀՀ ԱԳ նախկին նախարար

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ժամանակակից մարտահրավերների պայմաններում գոյություն ունեցող միավորումները և դաշինքները վերապրում են փոփոխություններ, որպեսզի համապատասխանեն ձևավորվող սպառնալիքներին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։

«Պետք է անկեղծ ընդունել, որ ՀԱՊԿ–ը, որը ստեղծվել է բոլորովին այլ իրավիճակում, կարիք ունի հարմարվելու ներկա իրողություններին։ Հավաքական անվտանգության սկզբունքը չի կարող օպերատիվ և արդյունավետ կարգավորել ժամանակակից մարտահրավերները, քանի որ երկրներն ազատ են իրենց ձևով մեկնաբանելու անվտանգության սպառնալիքի մակարդակը և ընդունել համապատասխան որոշումներ։ Եկեք անկեղծ լինենք, մենք արդեն ունենք տխուր փորձ, որը ոչ միայն դարձավ ազդակ արտաքին դերակատարների համար, այլև չնպաստեց վստահության ամրապնդմանը կառույցի ներսում», – ասաց նա «Հայաստանն ու Ռուսաստանը գլոբալ և տարածաշրջանային փոխակերպման պայմաններում․ դասեր և ռազմավարական ընտրություն» գիտաժողովի շրջանակում։

Այվազյանը նշեց, որ Աստանայի վերջին հանդիպումը (ՀԱՊԿ գագաթնաժողով, խմբ․) հույս է ներշնչել, որ կա ընթացիկ ցնցումների նկատմամբ կազմակերպության ակտուալ մոտեցումների անհրաժեշտության գիտակցում։

Նա նաև հայտարարեց, որ հակամարտությունների աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է և ստիպում է ձևավորել տարածաշրջանային կոալիցիաներ, որոնք կմիավորվեն ընդհանուր մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համընդհանուր հետաքրքրություններով։

«Հենց այստեղ Հայաստանը կարող է խաղալ առանցքային դեր, ինչն արդյունքում կհանգեցնի ընդհանուր մարտահրավերների հաղթահարմանն ու կայունությանը տարածաշրջանում», – ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարարը։

2024 թվականի փետրվարին Հայաստանը հայտարարեց ՀԱՊԿ-ին իր անդամակցության սառեցման մասին, իսկ ավելի ուշ հրաժարվեց անդամավճարներ վճարել կազմակերպությանը։

Հունիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում լինելու է կազմակերպությունից դուրս գալը, սակայն շուտով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ վարչապետը նկատի ուներ, որ Հայաստանի իշխանություններն իրենք կորոշեն, թե երբ են հեռանալու կազմակերպությունից։

Սեպտեմբերի 18-ին Փաշինյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը չի կատարում Հայաստանի նկատմամբ իր պաշտպանական պարտավորությունները և սպառնալիքներ է ստեղծում նրա անվտանգության, գոյության, ինքնիշխանության և պետականության համար։

Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին, որը տեղի է ունեցել այս տարվա նոյեմբերի 28-ին Աստանայում։