ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ է տեսնում
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«[Ֆիքսվում են] առանձին պետությունների փորձերը՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, մուտք գործելու դեպի Կասպից ծովի ռեսուրսները և ապահովելու իրենց անմիջական մուտքը Կենտրոնական Ասիա», - ասել է Սերդյուկովը։
«Դրա համար ակտիվորեն օգտագործվում է նաև հայ–ադրբեջանական սահմանի բարձր կոնֆլիկտային ներուժը։ Իրավիճակի հետագա կարգավորման հարցում կարևոր նշանակություն ունի խաղաղության պայմանագրի կնքումը», – ասել է նա։
Նրա խոսքով, Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի հետկոնֆլիկտային կարգավորման վրա՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։ «Չնայած Կազմակերպությանը Հայաստանի անդամակցությանը, դրսից փորձերը շարունակվում են՝ ազդելու հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա»,- նշել է Սերդյուկովը։
Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, մեկ վիրավոր, որի վիճակը գնահատվում է միջին ծանրության։-0-